Կանոնակարգով 27 ստորագրություն է պետք՝ նախագահի թեկնածու առաջադրելու համար: «Ելքը» առաջարկում է «Ծառուկյան» խմբակցությանն աջակցել իրենց: Այսօր «Փաստարկ» ակումբում «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ Զեյնալյանին առաջարկելը քաղաքական քայլ է. «Մենք ցույց ենք տալիս, թե ինչպիսի կերպար ենք պատկերացնում ՀՀ նախագահի պաշտոնում՝ ինչ հմտություններով, ինչ գիտելիքների եւ աշխարհընկալման տիրապետող: Մենք այդ ամենը ցույց տվեցինք եւ սա մարտահրավեր է առաջին հերթին իշխանությանը: Իրենք պետք է կարողանան պարոն Զեյնալյանի հետ մրցող որեւէ թեկնածու առաջադրել, ինչը շատ դժվար է, որովհետեւ պարոն Զեյնալյանն ունի շատ լուրջ անցած ուղի եւ հայրենիքին նվիրված է, մարդը որպես կամավորական ժամանակին մեկնել է ռազմաճակատ եւ կորցրել է ոտքը՝ թեեւ ունեցել է բանակից խուսափելու համար օրինական հիմքեր՝ տարկետում, ինչպես արել են շատուշատ ՀՀԿ-ականներ եւ այսօր խոսում են ազգասիրությունից, հայրենասիրությունից: Պարոն Զեյնալյանը նույնպես ունեցել է, բայց մեկնել է ռազմաճակատ՝ որպես կամավոր, այդուհետ զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն եւ տիրապետում է պետական համակարգին, պետական կառավարման մեխանիզմներին, երկար տարիներ իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվել, հենց հասարակական շահերի պաշտպանությամբ է զբաղվել: Նրանից լավ թեկնածու այդ պաշտոնի համար ես չեմ կարծում, որ կարող է ինչ-որ մեկը գտնել եւ առաջադրել: Սա մարտահրավեր է իրենց: Հիմա եթե նրանք կհանձնվեն եւ կպաշտպանեն մեր թեկնածուին՝ մենք միայն ուրախ կլինենք»:
«Ծառուկյան» դաշինքի աջակցության հետ կապված էլ Գորգիսյանն ասաց, որ սպասում են դեռեւս, տրամադրություններին ծանոթ չեն, որովհետեւ հստակ պաշտոնական պատասխան չի եղել:
Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին՝ Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ վարչապետական կառավարման երկիր ենք դառնալու ու խորհրդարանի դերն ավելի իջնում է. «Հիմա հստակ է, որ ամեն քառօրյայի ընթացքում պետք է վարչապետը եւ կառավարությունը գան, ԱԺ-ն հարցուպատասխան ունենա: Նոր Սահմանադրությամբ ասվում է՝ վարչապետը կուզի կգա, չի ուզի՝ չի գա, կախված է լինելու վարչապետի անձից: Փաստացի լծակները նախագահականից տեղափոխվել են կառավարություն, ինչպես բյուջեն, որը նախագահականից գնաց կառավարություն եւ միայն չնչին մաս եկավ ԱԺ: Նույն ձեւ էլ լծակներն են, չնչին մաս եկավ ԱԺ, լծակները վարչապետինն են: Նույնիսկ վարչապետի նստավայր հայտարարվել է Բաղրամյան 26-ը»:
Զարմանքին, որ դա պաշտոնապես հաստատվե՞լ է, վարչապետը պետք է նստի Բաղրամյան 26-ո՞ւմ՝ Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Բաղրամյան 26-ը դառնալու է վարչապետի նստավայրը: Այդ մասին արդեն խոսվում է, մի քանի աղբյուրներից ես լսել եմ, որ վարչապետը նստելու է Բաղրամյան 26-ում»: Նախագահն ունենալու է քիչ լծակներ, մի տեղ կնստացնեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ