«Սպառողների ազգային ասոցիացիա» հ/կ-ն այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց դեկտեմբերի 15 դրությամբ մոտ 1500 առեւտրային կետերում եւ արտադրություններում իրականացրած հետազոտությունների տվյալները: Ըստ այդմ, սպառվող հացի ծավալի 1/3-ն այսպես ասած «բարվոք» վիճակում է: «Շնորհիվ բազմաթիվ բողոքների եւ հետեւողականության՝ վերջապես որոշ արտադրողներ մակնշում եւ փաթեթավորում են հացը: Նույնքան՝ 1/3-ն էլ այդպես չի անում: Այսինքն, մենք մտնում ենք խանութ ու չգիտենք, թե ինչ հաց ենք գնում: Սպառողը պետք է պահանջի իմանալ ալյուրի տեսակը, մյուս բաղադրիչների առկայությունը»,-տեղեկացրեց ասոցիացիայի մոնիթորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
Նա նշեց, որ 30 կաթնամթերք արտադրողներից միայն 3-ն են թույլատրել նմուշառում կատարել. պարզվել է, որ տեղական հումքից են պատրաստում՝ տեխնիկական կանոնակարգին համապատասխան: 4 տասնյակից ավելի մսամթերք արտադրող ընկերություններից էլ 12-ում է հաջողվել նմուշառում անել: «Նույնպես բարվոք վիճակ էր, գոհ ենք ստուգումներից»,-ասաց Հայթյանը:
Նաեւ արձանագրեց, որ հանրային սննդի օբյեկտները հիմնականում օրենքի խախտումով են աշխատում. «Խոհարարը, մատուցողը եւ բարմենը համապատասխան կարգ պետք է ունենան: Մեր ստուգումները ցույց են տվել, որ մեծամասնությունը չունի, մինչդեռ սննդամթերքի անվտանգության խնդիր է առաջանում»:
Փորձագետը հրապարակեց անուններն այն արտադրությունների, որոնցում կատարված նմուշառումները դրական արդյունք են ցույց տվել եւ սպառողները համարձակ կարող են օգտագործել՝ «Բարի սամարացի», «Աթենք», «Բեկոն», «Արտ դելիկատես», «Պռոշյան կոնյակ», «Երեւանի շամպայն-գինիների գործարան», «Թամարա», «Չանախ», «Աշտարակ կաթ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ