«Այս տարի բացահայտումների տարի էր: Բացահայտվեցին բոլոր այն խոստումները, որոնք տրվել էին հանրությանը»,- այսօր «Փաստարկ» ակումբում ամփոփելով տարին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Նա անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին, հիշեցրեց, թե ինչ էին ասում իշխանությունները, ինչ բարեփոխումներ էին խոստանում, բայց իրականում մենք, ըստ նրա, ունեցանք 100 տոկոսանոց մեծամասնական ընտրություններ, թաղի հեղինակություններն էին մրցում եւ քաղաքականությունը հետընթաց ապրեց. «Ձեւավորվեց խորհրդարան, թեեւ խոսում էին ընդդիմությանը լծակներ տալու մասին, փաստացի այնպես ստացվեց, որ ֆրակցիաները, որպես այդպիսին, չունեն լծակներ գործնականում: Երբ ստեղծվում էին մշտական հանձնաժողովները, արվեց այնպես, որ «Ելքին» որեւէ լծակ չհասնի նաեւ այդ տեսանկյունից: Հետո եկան ավագանու ընտրությունները, որի ժամանակ հստակ եղան ընտրակաշառքի բացահայտման դեպքեր: Եթե մինչ այդ ՀՀԿ-ականներն ասում էին՝ դրանք բամբասանքների մակարդակի են, բայց ՀՀԿ-ն ապացույցների դեպքում էլի ասաց, թե տեսանկարահանող սարքերը այդ պահին չեն աշխատել, կրկին անցավ զոռբայությունը: ՍԴ-ի վճիռ ունեցանք, որը կարծես թե բավարարում է մեր պահանջը, բայց կառավարությունը հերթական անգամ մեկնաբանեց ՍԴ վճիռն իր ձեւով, իր տեսանկյունից եւ ունեցանք այն, ինչ ունենք»:
Խոսելով ՀՀԿ-ի նախընտրական խոստումների մասին՝ Գորգիսյանն ասաց. «Նախընտրական շրջանում խոստանում էին աշխատավարձերի բարձրացում, տնտեսական աճ, բայց երբ բյուջեն բերեցին, պարզվեց հակառակը՝ աշխատավարձերը անխտիր բոլորի՝ նվազելու են, գները բարձրանալու են եւ 4.5 տոկոս գնաճ են նախատեսել բյուջեում: Այդ ամենը սին հեքիաթներ էին եւ մենք 2018-ին առերեսվելու ենք դառը իրականության հետ, գնաճ ենք ունենալու, աշխատավարձերի նվազում՝ բոլոր ոլորտներում»:
Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ «ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը խիզախություն ունեցավ ընդունել հասարակության ընտրությունը»: Ըստ Գորգիսյանի, մարդիկ պարզ տեսան, որ 10 հազար դրամով ընտրում են եւ ունենում են ՀՀԿ-ի մենիշխանություն:
Aravot.am-ը հարցրեց՝ «Ելքին», որպես ընդդիմություն, հաջողվե՞լ է կատարել իր նախընտրական խոստումները՝ Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Այն հանգամանքը, որ մենք ընդդիմություն ենք, արդեն իսկ խոչընդոտում է մեզ նախընտրական բոլոր խոստումներն իրականացնել: Մենք խոստումների իրականացման մասին կարող էինք խոսել, եթե իշխանություն լինեինք: Ամեն դեպքում, մենք ունեինք մեր տեսլականը, թե մենք ինչպիսի պետություն էինք ուզում եւ հիմա քայլ առ քայլ մենք փորձում ենք ինչ-որ ձեւ գոնե կետերից իրականություն դարձնել: ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ հայտարարության տեքստը դրեցինք շրջանառության մեջ եւ այդ ուղղությամբ բանավեճ ստեղծեցինք: Բանավեճում մեր՝ թվերով հիմնավորված փաստարկներին որպես հակափաստարկ հիմնականում շանտաժի լեզվով ինչ-որ հայտարարություններ էին հնչում: Մոտավորապես այսպես էր ՀՀԿ-ի արձագանքը՝ մոտավոր ճիշտ եք ասում, դա մեր շահերից չի բխում, բայց եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից, ավելի լուրջ խնդիրներ կունենանք, որովհետեւ ՌԴ-ն մեզ կոչնչացնի: Հակակոռուպցիոն պայքարի հետ կապված մենք փորձեցինք հնարավորինս աջակցել եւ շտկել հակակոռուպցիոն մարմնի ձեւավորման նախագիծը: Դեռ մի նստաշրջան է անցել դեմ, եթե սեպտեմբերից հաշվենք, մենք ընդամենը մի քանի ամիս աշխատանք ենք ունեցել, բայց արդեն իսկ ցույց ենք տվել մեր պատրաստակամությունը՝ աշխատելու»:
Մեր հարցին՝ ֆեյսբուքում հաճախ «Ելքի» հասցեին քննադատական մեկնաբանություններ են լինում, գրում են՝ եթե դուք բավարար լծակներ չունեք ու բողոքում եք, ինչո՞ւ մանդատները վերցրեցիք, եթե ձեր ունեցած մանդատով դուք ոչնչի չեք կարողանում հասնել, ինչպե՞ս կարձագանքեք՝ Գորգիսյանը պատասխանեց. «Ես չէի համաձայնի, որ մենք ոչնչի չենք կարողանում հասնել, որովհետեւ կա քաղաքականություն եւ քաղաքական օրակարգ: Մենք դասական քաղաքականությամբ ենք զբաղված»: Ըստ նրա, «Ելքը» ամեն օր ցույց է տալիս իր տարբերությունը գործող իշխանություններից. «Ինչքանով ենք մենք հասարակության շահը ներկայացնում ԱԺ-ում, մենք դա ամեն օր ցույց ենք տալիս: Դուք մի պահ պատկերացրեք, հա,՞ խորհրդարանն առանց «Ելքի», ինչ-որ ճահիճ, որտեղ ցանկացած բան ուղղակի դակվում եւ անցնում է: Քաղաքական բանավեճ սկսում եւ վարում է ԱԺ-ում միայն «Ելքը» հիմա: Մենք դա կարող ենք փաստել վերջին ամիսների մեր գործունեությամբ: Քաղաքական ռեալ բանավեճ վարվում է միայն «Ելքի» կողմից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ