Լրահոս
Օրվա լրահոսը

Աբխազական երկաթգծի վերագործարկումը կարող է իրականություն դառնալ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2017 14:43

«Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը շատ կարեւոր է համարում վերջերս Վրաստանի եւ շվեյցարական SGS ընկերության միջեւ ստորագրված համաձայնագիրը: Հիշեցնենք՝ այդ համաձայնագրով շվեյցարական ընկերությունը կվերահսկի Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ Աբխազիայով եւ Հարավային Օսեթիայով բեռնափոխադրումները: Օրերս Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հստակեցրել էր՝ այդ տրանսպորտային միջանցքները կօգտագործվեն միայն ֆորս-մաժորային իրավիճակներում: Այս համաձայնագիրը եւ վարչապետի հայտարարությունը վրացական խորհրդարանում մեծ աղմուկ բարձրացրին: Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում խոսելով այս անցուդարձերի մասին, վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ ադրբեջանական կողմը բավականին լավ փորձում է աշխատել սրա դեմ:

Նախագահ Սարգսյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Վրաստան: Նարեկ Մինասյանը վստահ է՝ Աբխազիայով եւ Հարավային Օսեթիայով բեռնափոխադրումների մասին շատ մանրամասներ կքննարկվեն: Հիշեցնում է նաեւ տարեսկզբին վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցից հետո արած հայտարարությունը՝ Վերին Լարսին այլընտրանք կունենանք: Ռուսական կողմը դեռ չի ստորագրել այդ համաձայնագիրը. հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները, վերլուծաբանը կարծում է, որ այս հարցերը կմտնեն հայ-ռուսական դիվանագիտական փակ օրակարգ: Թեեւ Ադրբեջանին ձեռնտու չէ այս համաձայնությունը, սակայն վերլուծաբանն առայժմ ակնհայտ խոչընդոտներ չի տեսնում դրա իրագործման եւ աբխազական երկաթգծի լիարժեք վերագործարկման համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անցնող տարվա իրադարձություններին իր անդրադարձում Նարեկ Մինասյանը խոսեց նաեւ Վրաստանի ներքին զարգացումների, Վրաստան-ՆԱՏՕ, Վրաստան-ԵՄ հարաբերությունների, Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման մասին: Նկատեց՝ անցած 6 ամիսների կտրվածքով Եվրոպա մեկնած 160 հազար վրացիներից 10 հազարը չեն վերադարձել: Մանրամասները՝ տեսանյութում:

Խոսելով հայ-իրանական հարաբերություններից էլ, բանախոսը համաձայնություն հայտնեց այն տեսակետի հետ, որ հարաբերությունների քաղաքական մակարդակը անհամեմատ բարձր է մնում տնտեսականից: Ասաց՝ հայ-իրանական երկաթգծի շուրջ համաձայնագրերը պետք է վերանայվեն: Այն, որ 2009 թվականից այդ ուղղությամբ քայլեր չեն արվել, ինքը որակում է դանդաղկոտություն: Իրանական կողմից այդ դանդաղկոտությունը, ասում է՝ դիվանագիտություն է, ինչպես եղավ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան երկաթգծի կառուցման պարագայում. իր դանդաղկոտության արդյունքում իրանական կողմը Ադրբեջանից հնարավորինս դիվիդենտներ կորզեց:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031