2018 թվականին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու: Այս հանգամանքը «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Գրետա Ավետիսյանին հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գերնպատակ ունենալով իշխանությունն իր կլանի ձեռքում պահել, համեմատաբար բալանսավորված քաղաքականություն է վարելու՝ թե ներքին, թե արտաքին:
Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում ամփոփելով անցնող 2017 թվականը, Գրետա Ավետիսյանը ուշագրավ համարեց ադրբեջանական նոր սեւ ցուցակների ի հայտ գալը, որում ընդգրկվեցին նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, լրագրողների ձերբակալությունների մասին բարձրաձայն խոսողները: Բանախոսն ուշագրավ է համարում վերջերս 400 ադրբեջանցիների ձերբակալումը՝ իբր հայերի հետ կապեր ունենալու համար: Այս ամբողջի համատեքստում նա բավական ուշագրավ է համարում «ադրբեջանական լվացքատուն» կոչվող սկանդալը: Այդ սկանդալը կփոխի՞ եվրոպացիների վերաբերմունքն ու գործողությունները Ադրբեջանի նկատմամբ՝ տեսանյութում:
Գրետա Ավետիսյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններում հին ու նոր զարգացումներին, խեղաթյուրող ապատեղեկատվություն որակեց Մեվլութ Չավուշօղլուի օրերս արված հայտարարություններն այն մասին, թե հայ-թուրքական արձանագրություններում ի սկզբանե են նախապայմանները եղել: Բանախոսն ասում է՝ թեեւ Հայաստանը լավատեսությամբ սկսեց հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը, բայց միշտ էլ պատրաստ էր, որ Թուրքիան դրանք իմիտացիայի կվերածի: Ուստի միանգամայն տրամաբանական է համարում ՄԱԿ-ի ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիային ներկայացրած վերջնաժամկետը՝ եթե արձանագրությունները Մեջլիսում չվավերացվեն մինչեւ 2018-ի գարուն, ապա հայկական կողմը դրանք առոչինչ կհայտարարի: Գոհար Ավետիսյանը հիշեցնում է նաեւ անցնող տարում Մեջլիսի նոր կանոնակարգի ընդունման մասին, որով արգելվում է օգտագործել «Քրդստան» եւ «Հայոց ցեղասպանություն» դարձվածքները:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ