Այսօր Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Փաստարկ» ակումբում քննադատեց մեր իշխանությունների վարած, այսպես ասած, «կոմպլեմենտար» քաղաքականությունը՝ արտաքին հարաբերություններում: Ըստ նրա՝ կոմպլեմենտար՝ նշանակում է բալանսը ապահովել, պահել, իսկ երբ մի կողմը ծանրանում է, վազում ես մյուս կողմ: Իսկ դու այդպես դառնում ես պատեհապաշտ:
Սաֆրաստյանն ասաց, որ տարեվերջին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մեր երկրի համար լավ հնարավորություն է՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու մեր արտաքին քաղաքականությունը: Սա հնարավորություն է, որը պետք է օգտագործել: Իսկ թե ինչու ԵՄ-ն գնաց ՀՀ-ի հետ նման համաձայնագրի ստորագրման, ըստ Սաֆրաստյանի, քաղաքագիտական շրջանակները, հիմնվելով պատմական փորձի վրա՝ շատ լավ հասկանում են ՀՀ-ի դերը այս տարածաշրջանում. «Դա իմ կարծիքով ոչ թե եւ-եւ է, կամուրջ է, այլ մեր դերը հարմոնիա ստեղծելն է, համադաշնություն ստեղծելն է տարբեր կողմերի միջեւ… Կամուրջը ինչ է, քո վրայով անցնում դառնում են ու դու չունես քո ինքնությունը, կոմպլեմենտարն ինչ է՝ ինչ-որ մեկի հետ ընկերություն ես անում, էն մյուսը քեզ վրա ճնշում է գործադրում, վազում ես այն մյուսի մոտ: Ես կարծում եմ, դա չի մեր ճանապարհը, մեր ճանապարհը հենվելով մեր ինքնության վրա, այն մասերի վրա, որոնք մեզ օգնել են դարերի ընթացքում դերակատարում ունենալ, դա է»:
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Հայաստանը պետք է վարի «կոնկորդիա պոլիտիկ, ապահովի հաղթանակ՝ համադաշնության, հարմոնիայի» միջոցով. «Ո՞նց կարելի է «եւ- եւ»-ի քաղաքականություն վարել, եթե դու եւ-եւ ես, դու ոչ մի բան ես, երկու աթոռի վրա չի լինի նստել»:
Հայ-թուրքական արձանագրություններից, պարոն Սաֆրաստյանի խոսքով, կարելի էր շատ ավելի վաղ ազատվել, բայց լավ է ուշ, քան երբեք: Ակնհայտ է, որ Թուրքիան որեւէ ցանկություն չունի ՀՀ-ի հետ միջպետական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ աշխատել:
Հարցին՝ ի՞նչ սպասումներ կարող ենք ունենալ արցախյան հակամարտության հետ կապված՝ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Սկզբունքորեն հնարավորություն կա գործի դնել Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի համաձայնությունները, բայց պետք է նախադրյալներ լինեն. «Ռազմական գործողությունների սրացումը չի կարելի բացառել: Ադրբեջանը երկրի ներսում օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն,այդ հռետորաբանությունը վաղ թե ուշ պետք է փորձի վերացնել, թե դա կլինի որ տարում՝ դժվար է ասել, բայց որ հնարավորություն կա, որ Ադրբեջանը նորից կդիմի լայնածավալ գործողությունների, ինչպես դա եղավ ապրիլյան պատերազմում, այդ հնարավորությունը բացարձակապես բացառել չի կարելի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ