Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ: Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով հարցաքննվածների վրա քննիչի կողմից ճնշում գործադրելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի

Դեկտեմբեր 25,2017 12:12

2017 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով շարունակվեց ապացույցների հետազոտումը և հարցաքննվեց ամբաստանյալ Հ․ Մուրադյանը: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց և հայտարարեց, որ վարույթն իրականացրած քննիչը սպառնացել է իրեն։

Կողմերը հարցեր ուղղեցին ամբաստանյալին, որից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ․ Սիրադեղյանը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանց և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների միջև առկա էին էական հակասություններ։ Միջնորդությունը բավարարվեց, իսկ ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալը պնդեց դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները։

Դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդը միջնորդեց հրապարակել նաև Գևորգ Խաչատրյանի հոր և հորեղբոր նախաքննական ցուցմունքները, սակայն, միջնորդությունը մերժվեց։

Ապա հետազոտվեցին առերես հարցաքննությունների և հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն տված փորձագետի հարցաքննության արձանագրությունները։ Հետազոտված ապացույցների առնչությամբ միջնորդություններ կամ դիրքորոշում ունենալու դատավորի հարցին ի պատասխան՝ մեղադրող Ս․ Խաչատրյանը հայտնեց, որ տուժողների, վկաների ու ամբաստանյալների  նկատմամբ ճնշում գործադրելու մասին վերջիններիս ցուցմունքները նպատակ են հետապնդում հաղորդում ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն, և այս հիմքով խնդրեց ապացույցների հետազոտման փուլը չավարտել և հետաձգել դատական նիստը։

Տուժող կողմը միացավ ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է իրավական գնահատական տալ ինչպես քննիչների գործողություններին, այնպես էլ տուժողների ու վկաների ցուցմունքների արժանահավատությանը։ Պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հարցը կարող է լուծվել սույն գործով քննիչին որպես վկա դատարան հրավիրելու միջոցով։ Սակայն դատարանը հիմնավոր համարեց մեղադրող Ս․ Խաչատրյանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչ 2018 թ․ հունվարի 31-ը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031