Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝
ճիշտ կլիներ ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով «ձեռնպահ» քվեարկելը
«Այսպես թե այնպես տարեցտարի այդ հատկացումներն աստիճանաբար նվազում են: Մի քանի տարի առաջ դա 100 միլիոն դոլարի էր հասնում, եւ աստիճանաբար հասավ 30-40 միլիոն դոլարի»,- «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւին, որով հաստատվում է Երուսաղեմի հատուկ կարգավիճակը, ՀՀ-ի կողմ քվեարկելը հանգեցնի նրան, որ պակասի ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այսպես պատասխանեց ՄԱԿ-ում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Հայաստանը կողմ քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւին, որով հաստատվում է Երուսաղեմի հատուկ կարգավիճակը՝ այդպիսով անիրական ճանաչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Բանաձեւն ընդունվել է 128 կողմ, 8 դեմ ձայներով, 35 երկիր ձեռնպահ է մնացել: Բանաձեւին դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Նաուրուն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները եւ Տոգոն: Քվեարկությանը չմասնակցած երկրների թվում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը Թուրքմենստանը: Բանաձեւին կողմ են քվեարկել ՀՀ-ն, ՌԴ-ն, ԵՄ անդամ համարյա բոլոր երկրները եւ այլն։
Բանաձեւում կոչ է արվում անիրական ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ: Բանաձեւում ՄԱԿ-ի անդամ երկրները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը եւ ընդգծել, որ դրա փոփոխությանն ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»:
Նաեւ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ֆինանսավորումից կզրկի այն երկրներին, որոնք ՄԱԿ-ում կողմ կքվեարկեն Երուսաղեմի վերաբերյալ բանաձեւին:
Անդրադառնալով ՀՀ-ին տրամադրվող ֆինանսավորման կրճատմանը՝ Արմեն Վարդանյանը փաստեց, որ այդ գումարի չափը Կոնգրեսը պետք է հաստատի. «Հուսով եմ՝ հայամետ կոնգրեսականները եւ լոբբիստական կազմակերպությունները թույլ չեն տա ֆինանսավորման նվազեցում, եւ պատժիչ գործողություններ չեն լինի Հայաստանի դեմ, չնայած իրոք ինձ համար հիասթափեցնող էր այս քվեարկությունը»: Հետաքրքրվեցինք՝ ավելի ընդունելի էր Վրաստանի՞ դիրքորոշումը, Արմեն Վարդանյանը նկատեց, թե Վրաստանն ավելի ճկուն գտնվեց. «Վրաստանը մի կողմից՝ չբարկացրեց ԱՄՆ-ին, մյուս կողմից՝ հարաբերությունները չվատացրեց Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան լուրջ ներդրումներ է կատարում Վրաստանում: Վրաստանի կեցվածքն ավելի ընդունելի է ինձ համար, բայց լավագույն տարբերակը ձեռնպահ քվեարկելն էր»:
Փորձագիտական շրջանակներում այն կարծիքին են, որ ՀՀ-ի կողմից ճիշտ քայլ կլիներ բանաձեւին ձեռնպահ քվեարկելը: Հետաքրքրվեցինք՝ այս քվեարկությունը մեր դիվանագիտական հաշվարկների արդյո՞ւնք էր, թե՞ կային ճնշումներ, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ մեր դիվանագիտությունն ինչ հաշվարկներ էր կատարել, ամեն դեպքում, կարծում եմ, ճիշտը ձեռնպահ քվեարկելն էր: Իմ խորին համոզմամբ՝ պետք է ձեռնպահ քվեարկեինք ու մեր քվեարկությունը վաճառեինք Իսրայելին ու ԱՄՆ-ին: Ճիշտը դա էր, կամ էլ Ուկրաինայի եւ Վրաստանի նման ընդհանրապես չմասնակցեինք այդ քվեարկությանը: Բայց ճնշումներ, իմ կարծիքով, եղել են, եւ ոչ միայն ռուսական կողմից, այստեղ կար նաեւ Իրանի գործոնը. Հայաստանը փորձում է Իրանի դեմ քայլեր չկատարել»:
Ըստ Արմեն Վարդանյանի՝ մեր բախտը բերեց այն առումով, որ աշխարհի մեծ մասը դեմ դուրս եկավ ԱՄՆ-ին, եւ ԱՄՆ-ը հայտնվեց այնպիսի իրավիճակում, ինչ Ռուսաստանը 2014թ.-ին ՄԱԿ-ում Ղրիմի հետ կապված քվեարկության ժամանակ. «Բարեբախտաբար, այս անգամ ամբողջովին չհայտնվեցինք իզգոյ երկրների շարքում, ինչպես 2014թ. Ղրիմի հարցի հետ կապված: Այս անգամ մենք հայտնվեցինք մի զամբյուղում, որտեղ հայտնվել էին նաեւ Եվրամիության գրեթե բոլոր երկրները»:
Ըստ քաղաքագետի՝ այստեղ ոչ այնքան կարեւորը ՀՀ-ն ու այլ երկրներն են, այլ այն, որ ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցները, ԵՄ-ն ըստ էության դուրս եկան ԱՄՆ-ի դեմ: Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ եթե ձեռնպահ քվեարկեինք, դա կարելի էր օգտագործել Իսրայելի հետ հարաբերություններում որոշակի տեղաշարժ արձանագրելու համար, եւ քաղաքական դիվիդենդներ կշահեինք՝ մանավանդ, որ վերջին ժամանակներում հայ-իսրայելական հարաբերություններում զգացվում են այդ տեղաշարժերը: Հետաքրքրվեցինք՝ ռուսական գործոնն ազդեցություն ունեցա՞վ Հայաստանի քվեարկության հարցում, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Այստեղ գերակա էր նաեւ Իրանի գործոնը:
երակատարություն ունեցավ նաեւ այն, որ Երուսաղեմում Հայոց պատրիարքարան կա, իսկ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը վերջերս նույնիսկ նամակ էր գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով զերծ մնալ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց եւ ԱՄՆ դեսպանատունը այնտեղ տեղափոխելուց»:
Արմեն Վարդանյանը, զրույցի ավարտին խոսելով այն հարցի մասին, թե նման քայլերով ինչի՞ է ձգտում Դոնալդ Թրամփը, պատասխանեց, թե ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը քաղաքական տեսանկյունից սխալ էր: Թրամփը երեւի փորձում էր հասնել հրեական լոբբիի աջակցությանը, քանի որ երկրի ներսում նա լուրջ խնդիրներ ունի ռուսական գործի հետ կապված. «ԱՄՆ-ում լուրջ հետաքննություն է գնում նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի մերձավոր թիմակիցների եւ Ռուսաստանի իշխանությունների կապերի մասին տեղեկությունների հետ կապված, ու Թրամփը, հավանաբար, փորձում էր ստանալ հրեական լոբբիի աջակցությունը՝ մանավանդ, որ դա նրա նախընտրական խոստումներից էր»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
23.12..2017