Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսքան ձուկը դու վերցես տանես մանկատուն, բա ես սաղ կյանքս աշխըտեմ, մանկատան հըմար բան անե՞մ»

Դեկտեմբեր 25,2017 15:00

Ապօրինի որսած սիգի վաճառքով զբաղվողները չէին հանձնվում.
ասում էին՝ «սաղ տոչնի ա, խոսացել ենք»

Ամանորյա սեղանը սիգով «զարդարելու» գայթակղությունը շատերի մեջ մեծ է. ով հասցրեց՝ հասցրեց, սիգի որսը դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 15-ն արգելված է. դա սիգի ձվադրման շրջանն է: Հետեւաբար քաղաքի տարբեր հատվածներում վաճառվող սիգ ձուկն ապօրինի որսած է, ուստի վաճառքն էլ արգելվում է: Արգելքից 2 օր հետո, այսինքն՝ երեկ, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում շրջայց էր կատարել մայրաքաղաքի տարբեր շրջաններ՝ ապօրինի որսած սիգ էին փնտրում:
Մենք նույնպես երեկ սիգ վաճառողներ էինք փնտրում մայրաքաղաքի մի քանի փողոցներում, եւ այն հատվածներում, որտեղ մշտապես փողոցային առեւտուր է իրականացվում, երեկ հանդիպեցինք սիգ վաճառողներին: Բոլորը, անխտիր բոլորն ասում էին. «Քուրս, տուն ենք պահում, էս էլ չլինի՝ սոված կմեռնենք»: Ոմանք վստահեցնում էին, թե տեղյակ չեն սիգի որսի արգելքի մասին, ոմանք էլ ասում էին. «Քանի չեն բռնել, էս մի քանի հատն էլ ծախենք, գնանք տուն, դեմը Նոր տարի ա»: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սիգի առեւտրով զբաղվող մի տղամարդ էլ մեր հարցին՝ արդյոք տեղյա՞կ է, որ սիգի որսն արգելված է, հետեւաբար վաճառքն էլ ապօրինի է, այսպես պատասխանեց. «Այ քուր ջան, հա էլ արգելում են, հա էլ ծախում ենք, էդ օրենքները հանում են, որ խախտենք, յանի չգիտե՞ք: Ախպոր պես, թողեք աբրենք, էլի»:

Բագրատունյաց փողոցի վրա Իշխան ձկան վաճառքով զբաղվողներն էլ տեղյակ էին, որ սիգի որսն ու վաճառքն արգելված է. նրանք սիգը մեքենայից դուրս չէին հանել, բեռնախցում էին պահում, որպեսզի հենց տեսուչները հայտնվեն՝ կարողանան թաքցնել: «Էս մի քանի հատն ա մնացել, քանի չեն եկել, հեսա էսի վռազ կծախենք»,- ասացին առեւտրականները:
Մաշտոցի փողոցում՝ «Երեւան Սիթիի» հարեւանությամբ, 2-3 երիտասարդներ մի քանի արկղ սիգ էին վաճառում. նրանց հետ տեսուչների բացատրական աշխատանքները զավեշտի էին հասնում, առեւտրականները չէին հանձնվում, չէին համոզվում ապօրինի որսած ձուկը հանձնել անգամ այն պարագայում, երբ նրանց տեղեկացնում էին, թե առգրավվող ձուկը փոխանցելու են մանկատանը:

Տեսուչների բանակցություններին ներկա էին «Էկո-մեդիա ցանցի» մի քանի լրագրողներ: Երբ տեսուչները երիտասարդներին տեղյակ պահեցին, թե ձկան վաճառքն արգելված է, եւ ոստիկանները պետք է առգրավեն ձուկը, այս երիտասարդները վրդովվեցին, սկսեցին արագ-արագ ու նյարդային ծխել, զայրացան, թե բա՝ չեմ տա, ոչ մեկին չեմ տա, իմ ձուկն է:
Մի ուշագրավ հատված տեսուչների եւ այս երիտասարդ ու մի քիչ էլ գողական առեւտրականների երկխոսությունից:

Երիտասարդ.- Պարոն բնապահպան, քու արածը քո դուրը գալըմ ա: Չենք իմացել, որ «զապրետ» կա, էսքան ձուկը դու վերցես տանես մանկատուն, բա ես սաղ կյանքս աշխըտեմ, մանկատան հըմար բան անե՞մ: Դու էսքան վախտ մանկատան հըմար բան արած կա՞ս:

Տեսուչ.- Հա, մատաղ եմ արել՝ ուղարկել: Ես իմ գործառույթն եմ անում, անօրինական է այս ձկների առեւտուրը:

Երիտասարդ.- Էսի օրինական ա:
Տեսուչ.- Լիցենզիա չի տրվել:
Երիտասարդ.- Ստեղ սաղ օրինակա՞ն ա, էս էլ անօրինակա՞ն ա, հենց կգան մեզ չքավորներիս…
Տեսուչ.- Օրենքի պահանջ է:
Երիտասարդ.- Ախպեր, ասեմ՝ գնացեք, խոսացել ենք, սաղ «տոչնի ա», չե՞ք թողըմ, ուրեմնս՝ կտանենք, կդնենք «խալադելնիկը», կմաքրենք… ոչ թե տանեք մանկատները: Էսքան ձուկը շատ փող արժի, փեշով փող ենք տալի… սաղըս ուզում ենք Նոր տարի անենք:
Լրագրող.- Փող կարելի է օրինական էլ աշխատել:
Կիսագողական առեւտրականներից մյուսը միջամտեց.- Մենք նստած-հելած ենք, մեզի ոչ մեկ գործ չի տալի:
Տեսուչ.- Սիգի որսը հանցագործություն է:
Լրագրող.- Դուք այս սիգը պետությունից գողացել եք:
Այս դիտարկումները սիգի ապօրինի վաճառքով զբաղվող կիսագողականների ծիծաղը հարուցեցին.- Հանցագորությո՞ւն ա, պետությունի՞ց գողություն, հա-հա-հա:
Վերջը, համառ պայքարից հետո, այս տղաներն իրենց ապրանքի միայն մի մասը հանձնեցին, նույնիսկ նրանք էին փորձում տեսուչներին համոզել, թե՝ «թողեք էսօր ծախենք, վաղը մեզ ստեղ չեք տեսնի»:

Մենք փորձեցինք նաեւ Սեւան ազգային պարկի տնօրենից պարզաբանում ստանալ, թե՝ ինչպե՞ս է սիգը հայտնվել վաճառքում, եթե դրա որսն արգելված է, եւ արդյոք կիսագողականների ասած՝ «սաղ տոչնի ա, խոսացած ա», ակնարկը պարկի տնօրինությանը չի՞ վերաբերում: Սակայն տնօրենը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Իսկ տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ առայժմ արձանագրվել է առգրավված 74 հատ սիգ, սա միայն մի վարչական շրջանից, վերջնական տվյալները վաղը պարզ կլինեն:

«Շրջայցերը հիմնականում կրում էին նախազգուշական եւ բացատրական բնույթ, նաեւ առգրավում էինք, որպեսզի մարդիկ հասկանան՝ արգելված է, չի թույլատրվում ապօրինի որսած ձուկը վաճառել»,- ասաց Պեպանյանը:

Զարմանալի է, բայց գոնե Պեպանյանը վստահեցրեց, որ Նոր Նորքում, որտեղ ինքն էլ է մասնակցել շրջայցին, ապօրինի որսած սիգի վաճառքի ընդամենը 2 դեպք են արձանագրել:
Պեպանյանը նաեւ նշեց, որ առեւտրականները վստահեցնում էին, թե տեղյակ չեն եղել որսի արգելքի մասին, չնայած իրազեկվում է ամսի 20-ից:
«Քանի որ այս անգամ առաջինն էր, մենք փոքր-ինչ մեղմ ենք գտնվել՝ փորձելով բացատրել, որ չկրկնվեն նման դեպքերը: Առգրավումը եղել է մասնակի՝ պայմանով, որ այլեւս չզբաղվեն վաճառքով»,- ասաց Պեպանյանը:

Մեր հարցին՝ արդյոք շա՞տ էին ընդդիմացողները, Պեպանյանը պատասխանեց. «Բնականաբար, քանի որ սոցիալական խնդիր կա, եւ մարդիկ դրանով իրենց սոցիալական հարցն են լուծում, առջեւում Ամանոր է, ընդդիմանում էին: Մենք փորձում էինք իրենց բացատրել, որ արգելքն իրենց համար է, որպեսզի ձկան պաշարները ավելանան, եւ մարդիկ կարողանան օրինական որս իրականացնել»:

Նշենք, որ դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 15-ը միայն սիգի որսը չէ, որ արգելված է, այլ, ինչպես Պեպանյանն ասաց, արգելված է ընդհանրապես մուտքը Սեւանա լիճ, որովհետեւ այլ ձկնատեսակի որսի ժամանակ ցանցում նաեւ սիգ է հայտնվում, եւ որպեսզի այդ պատրվակով սիգ չորսան, ուստի բոլոր ձկնատեսակների եւ խեցգետնի որսն արգելվել է: Պեպանյանը վստահեցրեց, որ սիգի «հետեւից» շրջայցն առաջիկա օրերին էլ շարունակվելու է:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

23.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031