Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր հղիություն կնոջ համար կարող է վերջինը լինել»

Դեկտեմբեր 25,2017 14:30
abort

Վստահեցնում է գինեկոլոգը

Հղիության արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում նվազման միտում ունի: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016թ.-ին աբորտների քանակը կազմել է 10,5%, որից 0,4%-ը` 15-19 տ., 8,1%-ը՝ 20-34 տ. եւ 2,0%` 35-ից բարձր տարիքի կանանց շրջանում: Իսկ 2014թ.-ին գրանցվել է 11.9%, 2015թ.-ին՝ 11.1:
Հղիության արհեստական ընդհատման հիմնական պատճառները կնոջ սոցիալական եւ առողջական վիճակն է, անցանկալի եւ պատահական հղիությունը, սեռական կրթության ցածր մակարդակը:

«Հայաստանում չկա մշակված այն կուլտուրան, որ աբորտի պատրաստվող կնոջը հստակ խորհրդատվություն տրվի իր արարքի հետեւանքների եւ առողջությանը հասցրած վնասների մասին: Նույնիսկ այն երիտասարդ աղջիկները, որոնք առաջին հղիության ընդհատում են անում՝ թաքնված պատճառների հետեւանքով 15-18 տարեկանում, վստահ պետք է նշեմ՝ չեն գիտակցում, կարող են իրենց զրկել ապագա մայրության բերկրանքից»,- մեզ հետ զրույցում ասաց հոգեբան Մերի Տաշչյանը:

Գինեկոլոգ Տաթեւ Դավթյանի խոսքով՝ ամենացավոտ թեման շարունակում են մնալ սեռով պայմանավորված աբորտները, որոնք արգելված են, բայց կանայք ամեն գնով գտնում են տարբերակներ:

Հոգեբան Մերի Տաշչյանը նշում է՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը եւ պատճառները շատ տարբեր են Հայաստանում: Լինելով ավանդապաշտ ազգ՝ մեր բնակչության գերակշռող մասը նախընտրում է, որ ընտանիքում անպայման ծնվի արու զավակ՝ համարելով, որ արու զավակը տոհմի եւ ունեցվածքի ժառանգորդ է, ապահովության երաշխիք, հեղինակություն եւ ուժ, ինչու չէ՝ նաեւ ծեր տարիքում ծնողների ֆինանսական աջակցությունը ապահովող:

«Հղիանալուց առաջ շատ կանայք դիմում են մի շարք մեթոդների օգնության` ավանդական, ուլտրաձայնային, պարզելու կամ պլանավորելու երեխայի սեռը»,-նշեց հոգեբանը:
Նրա խոսքով՝ հաղորդումների, սոցիալական գովազդների միջոցով փորձել են ազդել ընտանիքների գիտակցության վրա` սեռով պայմանավորված հղիության ընդհատումները կանխելու համար: Իհարկե, դրական տենդենց կա՝ ըստ ուսումնասիրությունների, սակայն դրանք լիարժեք չեն:

«Հղիության ժամկետի մեծացման հետ բարձրանում են նաեւ բարդություններն ու ռիսկերը եւ յուրաքանչյուր հղիություն կնոջ համար կարող է վերջինը լինել»,-շեշտեց Տաթեւ Դավթյանը:

 

ԻԶԱԲԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

23.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031