Ժողովածու, որը ներառում է աշխարհի ժողովուրդների լավագույն հեքիաթները, հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են առաջին անգամ: Տեղի ունեցավ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գրքի բոլորովին նոր հրատարակության շնորհանդեսը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած ժողովածուում ներառված են 50 յուրահատուկ հեքիաթներ:
Գրքի կազմող Շավարշ Կարապետյանը ժողովածուի շնորհանդեսի ընթացքում խոստովանեց, որ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»-ը թե՛ իր և թե՛ «Էդիթ Պրինտ»-ի կարևոր ու թանկ հրատարակություններից է:
«Ցանկություն կար ստեղծել մի ժողովածու, որը կպարունակի իմաստուն, իմաստալից հեքիաթներ, որոնք կարող էին ուղղորդել երեխաներին, ինչու ոչ, մեծահասակներին, որպեսզի նրանք իրենց քայլերը կյանքում ճիշտ կատարեն: Մենք հույս ունեինք, որ այս ժողովածուն կդառնա շատ երեխաների մանկության ամենասիրելի գիրքը: Եվ այդպես էլ եղավ, երբ 2014-ին գիրքը դրվեց ընթերցողների սեղանին: Տարիների ընթացքում նոր հեքիաթներ հայտնվեցին, և որոշեցինք վերահրատարակել ժողովածուն: Այս անգամ գիրքը ներառում է 50 հեքիաթ՝ նախկին 40-ի փոխարեն: Հանվել է 3 հեքիաթ և ավելացել ևս 13-ը»,-շնորհանդեսի ընթացքում նշեց գրքի կազմողը: Նրա խոսքով՝ գրքում առկա են ինչպես աշխարհի ժողովուրդների, այնպես էլ հեղինակային ՝ Հանս Քրիստիան Անդերսենի, Օսկար Ուայլդի, Ջանի Ռոդարիի, Հովհաննես Թումանյանի, Գրիմ Եղբայրների, Վլադիմիր Սուտեևի հեքիաթները: 5000-6000 հեքիաթ է ուսումնասիրվել, ընտրվել են ամենաիմաստունները:
Ժողովածուի նոր հրատարակությունն ընթերցողին է ներկայանում նորովի` նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ…
Գրքի նկարիչ-ձևավորողն է Արաբո Սարգսյանը շնորհանդեսի ընթացքում նշեց, որ ուսումնասիրելով եվրոպական և ամերիկյան նկարիչների նկարազարդումները որոշել է այլաբանական լուծումներ գտնել յուրաքանչյուր հեքիաթի համար՝ յուրաքանչյուրի համար ստեղծելով առանձին նկարազարդում:
«Օրինակ՝ «Իմաստուն բվեճը» հեքիաթի նկարազարդումը ներկայացնում է երեք աչք ունեցող բու: Բնականաբար, բուն երեք աչք չունի, մենք ավելացրել ենք այդ աչքը որպես իմաստության խորհրդանիշ»,-նշեց Արաբո Սարգսյանը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ ընդգծեց, որ հատկապես կարևորում է հեքիաթների ընտրությունը.ընտրվել են այնպիսի հեքիաթներ, որոնց շատ գործնական են, իրականությունից կտրված չեն:
«Բազմաթիվ հեքիաթներ կան, որոնք հնացած են, այս հեքիաթներն այդպիսին չեն: Այս հեքիաթները դաստիարակչական առումով ոչ միայն սովորեցնում են լինել գեղեցիկ, բարի, ոչ միայն սովորեցնում են, որ չարը հաղթում է բարուն, այլև կարևորում են աշխարհի ամենակարևոր երևույթը՝ գիտելիքը, ինտելեկտը»,-շնորհանդեսի ընթացքում նշեց գրականագետը՝ հավելելով, որ այս հեքիաթները հնարավորություն են ընձեռում նաև բացահայտել այլ ժողովուրդների սովորությունները, ծեսերը, գիտելիքներ են հաղորդում նրանց երկրների, ապրելակերպի մասին, ինչը ևս շատ կարևոր է:
Շնորհանդեսի ընթացքում «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը տեղեկացրեց, որ բազում հեքիաթների ժողովածուներ լույս ընծայած հրատարակչությունն առաջիկայում ընթերցողներին է ներկայացնելու նաև «Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատորյակը:
Ի դեպ, շնորհանդեսի մասնակից երեխաներն ունկնդրեցին հեքիաթներ՝ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուից, ինչպես նաև դիտեցին «Մի պարկ խնձոր» և «Անճոռնի ճուտիկը» հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը:
Նշենք, որ գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը: Ուսուցանելով մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն՝ հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները:
Մամուլի հաղորդագրություն
Բայցհոգնել ենք այդ դասկան և ծեծված հեքիաթներից, լավ կլիներ նաև մեր հայ ժամնակակկից հեքիաթագիրներին էլ ներառել,ոչ թե սահմանափակվել միայն Թումանյանով: Ես իմ 2 աղջիկներին կցանականամ կարդալ նաև հայ ժամանակակակից լավ հեքիաթագիրներին: