Սակայն դպրոցն անգամ սեփական տարածք չունի
Ունեցել ենք մանկական երգչախմբային արվեստի հիանալի ավանդույթներ, մանկական որոշ կոլեկտիվներ, այդ թվում՝ մարզային, ժամանակին փայլել են միջազգային բեմերում, մասնակցել մրցույթ-փառատոների: Վերջին շրջանում այս ճյուղն արթնանում է նիրհից, մեկ-երկու երգչախմբեր մասնակցում են ոչ միայն մանկական միջոցառումներին, այլեւ պետական կոլեկտիվների տարբեր նախագծերի: Բայց արդեն քառորդ դար շրջանառվում է նրանցից միայն երկուսի՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» եւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի (տնօրեն՝ Հասմիկ Սաֆրազբեկյան) երգչախմբերի անունները:
Վերջինիս, օրինակ, հանդիպել ենք օպերային ներկայացումներում՝ Բիզե՝ «Կարմեն», Պուչինի՝ «Տոսկա», ֆիլհարմոնիկ նվագախմբի նախագծերում՝ Պուչինի՝ «Բոհեմ», Չայկովսկի՝ «Շչելկունչիկ» եւ այլն, օպերային թատրոնի, «Հովեր» կամերային (ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի պետական (ղեկավար՝ Ռոբերտ Մլքեյան) երգչախմբերի հետ: Էլ չխոսենք այս երգչախմբի փոքրիկ արտիստների դերասանական խաղի մասին:
Այդուհանդերձ, վերջին երկու տարում դպրոցի սաներն ու երգչախումբը մասնակցելով Իտալիայում ու Իսպանիայում կայացած միջազգային մրցույթին, արժանացել են առաջին մրցանակի: Այն տպավորությունը չստեղծվի, թե մեզ մոտ մանկական երգչախմբերի համար ոչինչ չի անցկացվում: Իհարկե, կայանում են միջոցառումներ, որոնք կարելի է թվարկել ձեռքի մատների վրա: Դրանք են՝ մշակույթի նախարարության եւ Հայաստանի երաժշտական ընկերության (նախագահ՝ Դավիթ Ղազարյան) համատեղ շուրջ 10 տարի անցկացվող «Երգող Հայաստան» մրցույթ-փառատոնը, ընդամենը երկու անգամ կայացած մյուզիքլների «Հազարան բլբուլ» մրցույթը, որտեղ դպրոցի «Օլիվեր Թվիստ» ներկայացումը (բեմադրությունը՝ Կարինե եւ Էմմա Առաքելյանների) արժանացավ Գրան պրիի: Հավելենք նաեւ ավանդաբար անցկացվող (եթե չենք սխալվում՝ 5 տարի Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ) երաժշտական եւ արվեստի դպրոցների հանրապետական մրցույթը, որտեղ այլոց թվում տեղ է գտել նաեւ «Լավագույն երգչախումբ» անվանակարգը:
«Առավոտի» հետ զրույցում Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան) խմբավար Էմմա Առաքելյանը թվարկած միջոցառումներին հավելեց ընդամենը մեկը: Նրա խոսքերով՝ մշակույթի նախարարության հիմնած Կրթության եւ զարգացման հիմնադրամը (տնօրեն՝ Նելլի Սարգսյան) խթանում է մանկական երգչախմբային արվեստի առաջընթացին մարզերում, օրինակ՝ տիկին Կարինե Առաքելյանը հաճախ գործուղվում է մարզեր՝ վարպետության դասեր անցկացնելու նպատակով: Մեր զրուցակիցն ասաց, որ գալիք 2018թ. դպրոցի համար հոբելյանական է՝ լրանում է մանկական այս երաժշտական կրթօջախի հիմնադրման 45-ամյակը: Հավելեց, թե դիրիժոր, դպրոցի առաջին տնօրեն, երջանկահիշատակ Դավիթ Զալյանի որդեգրած ուղին ու ավանդույթներն այդ տարիների ընթացքում երբեք չեն խաթարվել: Հավելեց, որ դպրոցում գործում են 6-9 տարեկան սաների եւ 9-16 տարեկանների շուրջ 70 հոգանոց երգչախմբերը, որոնց անփոփոխ գեղարվեստական ղեկավարն է Կարինե Առաքելյանը: Հիշեցրեց նաեւ, որ այդ դպրոցի շրջանավարտներն են ճանաչված օպերային երգիչներ, այդ թվում՝ շվեյցարաբնակ մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Առնոլդ Քոչարյանը, Սարգիս Աղամալյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Սյուզի եւ Արտակ Մելիքյանները եւ այլք:
Հետաքրքրությանը, թե հայաստանցի մեծահարուստները ձեռք մեկնո՞ւմ են մեր երեխաներին, Էմմա Առաքելյանի պատասխանը հետեւյալն էր. «Այս պահին ունենք հրավերներ Ֆրանսիայից, Չեխիայից, բայց… Հիշեցնեմ, որ մեր դպրոցը մինչ օրս զբաղեցնում է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին հարկի տարածքը…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Կարինե եւ Էմմա Առաքելյանները:
«Առավոտ»
23.12..2017