Խնկածաղիկն օժտված է սպազմոլիտիկ, խորխաբեր, հակահազային, հակամանրէային ազդեցություններով: Պատրաստուկները մեծացնում են ստամոքսային եւ բրոնխիալ գեղձերի հյութազատությունը եւ աղիների շարժողականությունը:
Ջրաթուրմն օժտված է խորխաբեր, լեղամուղ, միզամուղ ազդեցություններով: Կիրառում են որպես մարսողությունը լավացնող, ախորժաբեր միջոց, բրոնխիտների ժամանակ՝ որպես խորխաբեր: Եփուկն օգտակար է մազաթափության ժամանակ:
Որովայնում գազերի կուտակման, անքնության, ալերգիկ ռեակցիաների ժամանակ խորհուրդ է տրվում 2 թեյի գդալ մանրացված խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե, քամել: Ընդունել 1/2 բաժակից օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ: Անքնության դեպքում ընդունել 1/2 բաժակ՝ քնելուց առաջ:
Մեկ այլ պատրաստուկ կարող եք ստանալ 2 ճաշի գդալ մանրացված խոտին ավելացնելով 1 բաժակ եռացրած տաք ջուր, տաքացնել եռացող ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել տաք վիճակում՝ 0.5 բաժակ, օրը 2 անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ:
Խնկածաղկի պատրաստուկները հակացուցված են ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդության ժամանակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
23.12..2017