«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունն այսօր «Մեգերյան Կարպետ» ընկերության ցուցասրահում նշում էր իր 10-ամյակը, որի շրջանակներում կազմակերպվել էր նաեւ «Ղափամայի շուրջ» տարեկան ամփոփիչ միջոցառում:
Կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը իր ելույթում ասաց, որ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն ստեղծման օրից անվան մեջ արդեն իսկ ուներ նպատակ՝ ազգային խոհանոցի վերականգնում, տարածում եւ ամրագրում: «Բանահավաքչության արդյունքում մենք բավականին նյութեր հավաքագրեցինք, որը հիմա էլ շարունակվում է ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ սփյուռքում, ե՛ւ մատենագրերում:
Սերտորեն համագործակցում ենք այն կրթական օջախների հետ, որոնք զբաղվում են խոհարարությամբ: Կազմակերպությունը ազգային խոհանոցը շնորհիվ մեր դեսպանատների ներկայացնում է նաեւ արտերկրում, իսկ խոհարարական տարբեր միջոցառումների շնորհիվ երկրում զբոսաշրջային բարենպաստ պայմաններ է ստեղծվում»:
Պարոն Մամուլյանը նշեց, որ հաջորդ 10 տարիներին նախատեսվում է ավելի լավ խոհարարական վիճակ, որը նաեւ կլինի ավելի ներկայանալի երկրից դուրս:
Կազմակերպության ամենամյա տարեկան ժողովի ժամանակ հանրությանն է ներկայացվում տարվա ընթացքում արված աշխատանքները, իսկ 2011 թվականից կազմակերպության որոշմամբ ամեն տարվա վերջին «Ղափամայի շուրջ» տարեկան ամփոփիչ միջոցառման շրջանակներում, ամենաակտիվ կազմակերպությանը կամ անհատին հանձնվում է Արամ Փիրուզյանի անվան մեդալ:
«Ղափաման մեր հին հայկական կերակրատեսակներից է, որը ժամանակին պատրաստել է նաեւ Պոլոզ Մուկուչը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես ասաց գյումրեցի Ջուլիետա Սեխլեյանը, որն այս միջոցառումը հրաշալի նախաձեռնություն է համարում, քանի որ ներկայացվում են ե՛ւ ազգային խոհանոցի կերակրատեսակները, ե՛ւ հայ խոհարարների հմտությունը:
Նա եւ շատ այլ խոհարարներ ստացան շնորհակալական վկայականներ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ