«Հայաստանում խտրականություն չեն դնում թե ինչ ծագման փողեր կարող են մտնել ՀՀ տնտեսություն: ԱՄՆ-ն զգուշացնում է, որ հիշյալ անձինք կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ են եւ նրանց դիտարկում են իրենց համար որպես սպառնալիք»,-անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված հանցավորությունների և օրենքով գողերի հետ կապ ունեցող մի խումբ անձանց անունների հրապարակմանը ՝ ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ հրապարակման մեջ նշվում է, որ ցուցակում տեղ գտած երեք անձ՝ Գաֆուր Ռահիմովը, Ալիմժան Տոխտախունովը (Թայվանչիկ) և Ռուբեն Թաթուլյանը, կասկածվում են օրենքով գողերին ֆինանսավորելու մեջ: Ցուցակում են հայտնվել Թաթուլյանի հետ առնչություն ունեցող երկու կազմակերպություն:
Ռուբեն Թաթուլյանը Կարեն Կարապետյանի ստեղծած Ներդրողների ակումբի անդամ է, մի ակումբ, որը պետք է միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարեր Հայաստանում։ (Ավելի ուշ վարչապետի խոսնակը հերքեց այս տեղեկությունը):
«Այս առումով ՀՀ-ն մտածելու բան ունի, սա խայտառակ պատմություն է, որովհետեւ Հայաստանում տարիներ շարունակ չեն նայել, թե ինչ ծագման փողեր են մտնում մեր երկիր: Վերջին տարիներին ահաբեկչության դեմ պայքարը, որը ներառել է նաեւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ու փողերի լվացվող տարրեր, կարծես թե ՀՀ վրա շատ քիչ են ազդել ու ՀՀ վարչապետի սատարող ներդրումների ակումբում փաստացի կան նաեւ այդպիսիք, արդյոք միայն տվյալ անձնավորությունն է, թե կան այլք, դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ է, որ Հայաստանը պետք է հետեւություններ անի: ԱՄՆ-ն հասկացնում է, որ այդ մարդիկ անցանկալի անձինք, են, ԱՄՆ-ն դիրքորոշում է հայտնում՝ չպարտադրելով այդ դիրքորոշումը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ