Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է

Դեկտեմբեր 24,2017 11:00

(Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը )

Սկիզբը՝ նախորդ համարներում

–  Հայ գրականության հիմնական «մեխը» կամ «թուլությունը» Հայրենիքն է: Այս տեսանկյունից քո պոեզիան ինչ-որ չափով անձնական է, թեև անձնականի մեջ էլ խորապես մղկտում է հայրենիքի ցավը:  Ըստ քեզ, նման իրողությունից գրականությունը շահո՞ւմ է, թե՞ կորցնում:

– Իսկ ի՞նչ է Հայրենիքը: Հայրենիքը լեռան, դաշտի, մարդու կորցրածի և գտածի ու էլի հազար ու մի զգալու կամ զգալ չկարողանալու հոգեվիճակների ամբողջությունն է: Երազիս մեր տանն էի,  մայրս ինձ խնդրեց սուրճ դնել, և  ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի. դա հայրենիք է: Իսկ մեր սերե՞րը և էլի ասվող ու չասվող հազար ու մի բան…

Այստեղ արտագաղթած, բանակից խուսափող  երիտասարդներ շատ կան: Ապրիլյան պատերազմի լուրն առնելուն պես, բոլորը մեկ մարդու նման պատրաստվում էին Հայաստան՝ Արցախ մեկնելու: Ոչ մի հայրենասիրական կոչ՝ «Ոտքի՝ հայրենիքը վտանգի մեջ է» չէր հնչել: Նրանցից շատերը գրի ու գրքի հետ կապ չունեին: Այդ ընտանիքները բազմաթիվ դժվարություններ էին հաղթահարել այստեղ հասնելու և հիմնավորվելու համար: Շատերի փաստաթղթերը կիսատ-պռատ վիճակում էին և մեկնելուց  հետո վերադարձի (եթե պատերազմում չզոհվեին) հույս չկար, բայց  առանց երկմտելու ոտքի էին ելել:

Սրված վտանգի զգացողությունը մարդկային հավաքականությունը զգում է, ինչպես հոտը՝ գայլի մոտիկությունը: Մարդը և Աստծո ընծա Հայրենիքը անտրոհելի միավոր են: Նրանք, ովքեր ամենատարբեր պատճառաբանությամբ կորցնում են այդ կապը, դառնում են այլ երկրում աճած ծիրանի ծառ, որի պտուղը, ծիրանի մեր պատկերացումների հետ ոչ մի ընդհանրություն չունի: «Դու Արագած ալմաստ վահանն…»  իհարկե հանճարեղ է, սակայն դրանից բացի էլի բաներ կան:

Հրանտ Մաթևոսյանի, բեռի տակ կքած հերոսուհին, նույնքան հայրենիք է, որքան Մուշեղ Գալշոյանի անսփոփ կերպարները:

«Հոգեհանգիստ» կարդացող Թումանյանի և զուտ անձնական պոեզիա ստեղծող Տերյանի խոսքի զանազանությունը  հանճարի չափի տարբերություն է: «Նորը», «նորարարությունը» գրականագիտության կողմից հնարված պայմանական, եթե չասենք արհեստական հասկացություններ են: Նոր ոչինչ չկա: Այս աշխարհում ամեն ինչ հին է: Նորը տվյալ ժամանակի մեջ ապրող մարդու անհատականության կնիքը կրող մեկնաբանությունն է: Այլապես, մենք չէինք կարող զգալ  հազարավոր տարիներ առաջ արարված գրական հուշարձանների հմայքը: «Բանաստեղծությունը ցավի ծնունդ է»,- ասում էր Վահագն Դավթյանը: Այո, այդպես է: Ցավն է ստեղծում պոեզիա, սակայն, երբ խոսքը վերաբերվում է մարդուն, որի ճակատին Աստված դրել է իր նշանը:

– Մի առիթով Հրանտ Մաթևոսյանն ասել է. «Գալիս են ժամանակներ, երբ անբարոյականություն է իրականության առջև զբաղվել գրականությամբ, բոլորիս հետ էլ նույնը կատարվեց: Անհնար է  այլևս գրականություն «գեղգեղալը»: Այսօրվա իրականությունը քեզ չի՞ խանգարում գրականությամբ զբաղվել, անկախ  հանգամանքից, որ դու հեռու ես հայրենիքից:

-Իսկ մի՞թե գրականությունը մտացածին է: Իրականություն է, սակայն գեղարվեստական իրականություն: Ըստ որում, որքան ավելի խոշոր է անհատականությունը, այնքան  նրա ստեղծածի  և իրական աշխարհի  տարբերությունը մեծ կարող է թվալ: Ասում են՝ արվեստագետը ժամանակից առաջ է ընկել: Այդպես չի լինում: Անհատականությունները, ի տարբերություն  քաղքենու,  ժամանակի այլ, սրված տեսունակություն ունեն: Հայրենական պատերազմի տարիներին սովետական, ռուսական գրականությունը այսպես կոչված, քաղաքացիական պոեզիայի հրաշալի օրինակներ տվեց: Հազար ինը հարյուր քառասուներեք թվականին Աննա Ախմատովան, որ մինչ այդ «Ռեքվիեմ» էր ստեղծել,  գրեց իր ամենաողբերգական և ամենաանձնական բանաստեղծություններից մեկը.

… Я пью за разаренный дом,

За злую жизнь мою…

Մի՞թե հայրենիքի և Ախմատովայի ճակատագիրը մեկ ամբողջություն չէր, չէ՞ որ հայրենիքը և հայրենիքի որդին անբաժանելի միավոր են: Հակառակ օրինակը. հայ գրականության ո՞ր լիրիկական ստեղծագործությունը ավելի երկար կապրի, քան Խորենացու «Ողբը»:
Ամեն ինչի արդարացումը հեղինակի տաղանդի չափն է: Մեր գրականության մեջ սիրելի անուններ շատ կան, սակայն Հրանտ Մաթևոսյանի մեծության արձակագիր մենք չենք ունեցել: Այսուհանդերձ,  արծարծված միտքը նրա սեփական ստեղծագործական փակուղու ենթագիտակցական արդարացումն է: Վերջացել էր, չկար այն աշխարհը, որի մասին գրում էր մեծ գրողը: Համանման իրավիճակում Սերգեյ Եսենինը ինքն իր հետ ավելի անկեղծ էր:

С того и мучаюсь что не пойму

Куда несет нас рок событие …

«Ծանր չեն մեղանչում պոետները…»: Ես դատող չեմ,  սակայն, եթե միջին ընթերցողի դիտակետից նայենք, չեմ կարող ասել «գեղգեղալն» է անբարոյականություն, թե՞ Ազգային ժողովում չիմանալով՝ ինչու ես այդտեղ հայտնվել, որևէ  Բուռնաշի կողքին՝ շվարած նստելը: Չէ՞ որ այս դեպքում ուրիշի տեղ ես զբաղեցնում՝ քո տեղը դատարկ թողնելով:

Մաթևոսյանը վատ գրել «չգիտեր»: Իրենցից ոչինչ չներկայացնող սփյուռքահայ   պոետների  համար փայլուն առաջաբաններ է գրել: Նրա ասածը կանոն չէ, սոսկ տեսակետ է:

Ես վայրկյան իսկ հայրենի իրականությունից դուրս չեմ եղել, սակայն դա վիրտուալ կապ է՝ ինտերնետը, գրականությունը, հեռախոսը…

Շոշափելի կյանքում ես ապրում եմ երեկվա մեջ, այլ տեղ չկա: Դա է իմ ճակատագիր:

-Կարծո՞ւմ ես, որ գրելով դու լիովին գտել ես քեզ կյանքում: Քեզ պատկերացնո՞ւմ ես պոեզիայից դուրս…

– Գրելը, գրականությունը, փակ տարածք է, հոգու բնակավայր, որտեղից աշխարհը և մարդիկ երևում են այնպիսին, ինչպիսին ցանկանում ես տեսնել: Հնարավոր է՝ դա պատրանք է, որ մարդ հնարել է այս աշխարհին դիմակայելու համար, սակայն կա իրավիճակ, երբ  դերասանը «մոռանում» է, որ թատրոն է և ապրում է հերոսի թելադրանքով,  հնարավոր է նաև կոչում է: Ստեղծված գրականությունը  իր խորքում պահում է այս հարցերի պատասխանը: Միջավայրը, ուր ես հասակ եմ առել, գրականության հետ ոչ մի առնչություն չուներ, երևանյան ծայրամաս էր: Մանկությանս ընկերներից շատերը, որոնցից ինձ գրքերը զատեցին, եթե գրպանահատության կամ այլ մանր հանցագործությունների համար չդատապարտվեցին, ուրեմն աչքները «թաղայինի» երևալուն էր, որ հասցնեին «թռնել»:

Գոհ եմ, թե դժգոհ, որ գրականությամբ եմ զբաղվել, նույնն է, թե հարցնես՝  դո՞ւր է գալիս կյանքը Մարսում: Գրականությունը իմ զբաղվածությունը ապահովողը չէ, այլ գոյաձև, անկախ, թե արդյունքում ինչ եմ  կարողացել ստեղծել: Ինձ միշտ կեղեքել է կասկածը…Ընկերներիցս մեկը  մի օր ասաց. «Ոչ մեկիս չես հավանում»: Պատասխանեցի. «Դու հարցրու՝ ես ինձ հավանո՞ւմ եմ» և դա սեթևեթանք չէր: Կա այլ ճշմարտություն ևս. «Ում շատ են սիրում, նրանից շատ ես պահանջում»:

«…Ինչպես անհաս փառքի ճամփա…» կուզենայի գրել այնպիսի բանաստեղծություններ, որպիսիք սիրում եմ կարդալ: Ստեղծագործելիս, մարդը, գոնե պատրանք պետք է ունենա, որ մեծ բան է անում. քիչ եմ գրել, ծայրահեղ իրատեսությանս պատճառով: Գրածս կարող եմ իբրև ընթերցող անմիջապես  չզգալ, չտեսնել, որովհետև ես այն երակն եմ, որով հոսում է այդ արյունը: Սակայն ուրիշի հավանածս տողը, ինձ անսահման բերկրանք է պատճառում: Գրելով ես ինձ չեմ գտել, համենայնդեպս, այդպիսի զգացողություն չունեմ: Ես պատսպարվելու տեղ եմ հորինել:

-Պոեզիան կարո՞ղ է մեկնաբանել կամ վերծանել մարդկային բոլոր հույզերն ու զգացումները:

-Ո՛չ, անհնար է:

Հոգու փորձը, ինչպես տեխնիկական առաջընթացի պարագայում, երբեք չի դառնում հաջորդական աստիճան և փոխանցվում սերնդից սերունդ: Մեզանից յուրաքանչյուրն անցնում է միայն իր համար նախատեսված ճանապարհը, լիքը գտնելու, գուցե միայն սեփական տեսունակությանը հասու գեղեցկություններով և կորցնելու աշխարհակործան թվացող տխրությամբ: Գրականությունը՝ պոեզիան, մարդու աշխարհընկալման այս խիստ անհատական դրոշմն է կրում: Գեղեցիկը, Վեհը, իբրև հաստատուն մեծություններ, չեն փոփոխվում, սակայն, ամեն սերնդի հետ փոխվում է նրանց ընկալման դիտակետը: Մի՞թե Ռենուարի, էլ չեմ ասում Ռուբենսի կանայք այսօրվա գեղեցկության չափանիշները կարող են բավարարել: Եթե տասը նկարիչ միևնույն ժամանակ նկարում են նույն խնձորը,  մենք ունենում ենք տասը տարբեր խնձորի պատկեր: Այդպես է, երբ նույն նոտաներով տասը երաժիշտ կատարում են միևնույն ստեղծագործությունը: Անհատականության դերն այնքան որոշիչ է, որ կատարողը նույնպես դիտվում է որպես հեղինակ: Մտքի տրամաբանական խաղերի լեզուն սիրտը չի հասկանում: Արվեստը յուրահատուկ սիզիֆյան աշխատանք է, որ ապարդյուն փորձում է արտահայտել մարդկային բոլոր հույզերն ու զգացումները: Մի հոգևորական ընկեր ունեմ՝ հայր Կարապետը, որին ապարդյուն  համոզում եմ, թե արվեստն էլ դեպի Աստված տանող ճանապարհ է: Ամեն ստեղծագործություն մեր Տերը արարել է տիեզերքի պատկերով՝ թռչնի ձվից մինչ ձվաբջիջը, մարդու, կենդանու ֆիզիկական կատարելությունից մինչև հոգևորը:

Ներշնչանքի ծնունդը, իր բարձրագույն արտահայտության մեջ, աստվածային ծագում ունի: «Նարեկը» ձեռքդ վերցնելուց մի՞թե նույն զգացողությունը չես ունենում ինչ-որ Աստվածաշունչը:

Հիվանդի գլխին, որ չգիտեր էլ, թե ի՞նչ է գիրքը կամ բանաստեղծությունը ՝ «Նարեկ» էին կարդում: Դո՞ւ էլ ես կարծում, որ սերնդեսերունդ բժշկվում էին զուտ ներշնչանքով:

Իմ պապական տանը «Սուրբ» է եղել՝ «Նարեկ», որ հիմա ինձ է հասել: Շաբաթ օրերին տատս դրա վրա մոմ էր վառում. նա  դպրոց չէր գնացել, գաղթականի երեխա էր, հաշվել էլ չգիտեր: Պատմում էր, որ «Նարեկը» իր երազին գալիս է: «Ծեր, բարձրահասակ, սպիտակ, երկար մորուքով մարդ է»,- երկյուղածորեն ասում էր նա: Ես հավատում էի…

Հիմա էլ եմ հավատում…

(շարունակելի)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել