Ժողովրդական արվեստի կենտրոնում այսօր հայկական ավանդական խոհանոցին նվիրված քննարկման ժամանակ անդրադառնալով այն փաստին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Տոլման» ճանաչել է որպես ադրբեջանական կերակրատեսակ, բանահավաք Սոնիա Թաշչյանն ասաց՝ որովհետեւ մենք տեր չկանգնեցինք մեր «Տոլմային»:
«Մեր խնդիրն է՝ մեր ավանդական խոհանոցը վեր հանել՝ իր բոլոր ավանդապատումներով: Եթե արեւմտահայերն ասում են «տոլմա» եւ դա նշանակում է «լցոնած», ապա հիմքում, միեւնույնն է, «դոլմա» բառն է՝ «դոլի» բառից առաջացած, որը բարբառային անվանում է եւ նշանակում է խաղողի տերեւ»,-տեղեկացրեց Սոնիա Թաշչյանը:
Նրա բնորոշմամբ՝ որոշ կերակրատեսակներ, այդ թվում «Տոլման», ունեն նաեւ մեր հարեւան ազգերը, իսկ մեր խնդիրը պետք է լինի սեփականն աշխարհին ներկայացնելը. «Եթե հիմքում ճիշտ պատմություն եւ մեկնաբանություն դրվի, ոչ մեկ չի ասի, թե դա մերը չէ, թե «Ղափաման», օրինակ, թուրքական է»:
Սոնիա Թաշչյանը նաեւ նկատեց՝ «Բորանի» կերակրատեսակի ծագումը պարսկական է, այդ ուտեստը հայկական կենցաղ է մտել 6-րդ դարից. «Պատմական Հայաստանի ողջ տարածքում 15-16 տեսակի «բորանիներ» եմ հայտնաբերել: Հիմա ինչպե՞ս կարելի է ասել, որ այդ ամենը, ինչը ստեղծվել է արդեն մեր մշակույթում, հայկական չէ: Իհարկե՝ հայկական է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ