Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մի խումբ լրագրողների հետ այցելեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի մոտ գտնվող բենզալցակայան, որտեղ պահվում էր կոնկասյան գորշ արջը:
Բենզալցակայանի սեփականատերը բացակայում էր, աշխատակիցները խմբի այցից անակնկալի էին եկել ու անմիջապես զանգահարեցին սեփականտիրոջը: Նրա հետ հեռախոսազրույց ունեցավ Կենդանաբանական այգու եւ FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը. «Ինչպես գիտեք՝ կա Կառավարության որոշում, ըստ որի՝ բոլոր ապօրինի պահվող պետք է տեղափոխել ավելի լավ պայմաններ, քանի որ ձեր պայմանները վատն են: Կովկասյան աջը համարվում է Կարմիր գրքում գրանցված տեսակ, ու դուք նրան պահպանելու համապատասխան փաստաթղթեր չունեք: Պայմանները վատթարագույնն են. մինչ օրս մեր տեսած ամենավատ պայմաններն են: Մենք ականատեսն ենք՝ որտեղ որ արջը կեղտոտում է, այնտեղ էլ սնվում է ու չի մաքրվում: Բժշկական որեւէ փաստաթուղթ չկա, նույնիսկ նորմալ ջուր խմելու աման չունի: Եթե դուք համաձայնություն եք տալիս, ապա մենք կսկսենք արջի տեղափոխումը, եթե, իհարկե, դուք չեք կարողանում անձամբ գալ: Ձեզ հետ համաձայնագիր կստորագրենք, այնուհետեւ արջը կտեղափոխվի կարանտին՝ շուրջ մեկ ու կես ամիս, կստանա համապատասխան զննումներ ու դեղորայք, որից հետո որոշում կկայացվի՝ կամ Կենդանաբանական այգում կապրի, կամ Կովկասյան բազմազանության ապաստարաններում՝ մեծ վանդակներում: Դա կախված կլինի նրա պահելաձեւից, հոգեվիճակից: Դուք միշտ կարող եք գալ, այցելել ձեր արջին»:
Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ սեփականատերը իրեն վստահեցնում էր, որ բենզալցակայանում ավելի մեծ տարածք էր կառուցում, որպեսզի արջին ավելի լավ պայմաններ տեղափոխի. «Այստեղ էականը ոչ այնքան պայմաններն են, որքան այն, որ այսուհետ որեւէ արջ չծառայի բիզնես կամ ատրակցիոն նպատակներով՝ լինելով բանտարկված: Մեր կողմից բոլոր արջերը չիպավորվում են՝ գրանցվում են միջազգային տվյալների բազայում, որպեսզի այլեւս որեւէ մեկը չկարողանա ինքնուրույն օգտագործել արջերին: Առաջիկա տարիների համար նախատեսված է 60 այսպիսի արջ բանտարկությունից ազատել: Այս մեկը 11-րդն էր: Այս պահին մեր կողմից երկու արջի քոթոթ են բաց թողնվել վայրի բնություն»:
Քիչ անց հիմնադրամի աշխատակիցները հատուկ սրսկումով թմրեցրին Միշա անունով 7-ամյա արջին, ապա՝ համապատասխան ճոպաններով տեղափոխեցին նախ հատուկ հարմարեցված վանդակ հետո՝ FPWC մեքենա՝ տեղափոխելով Երեւանի Կենդանաբանական այգի:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում