Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիր: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պատվիրակության անդամները շրջել են համալիրով, այցելել տարածքում գտնվող առաջնորդարանի շենք, Սուրբ Պայծառակերպություն մայր տաճար և թանգարան, որն ի դեպ արդեն մեկ ամիս է այցելուներին է ներկայանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ցուցադրությունով:
Ներկայացնելով Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի գործունեությունը՝ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը նշել է, որ 2011թ-ին բացված համալիրը կարևոր դեր է ստանձնել ինչպես Մոսկվայի հայ համայնքի, այնպես էլ ռուսաստանաբնակ հայության հոգևոր կյանքի և ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում՝ դառնալով Ռուսաստանի հայերի հոգևոր կենտրոն: Առանձնակի կարևորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ ռուսաստանաբնակ հայության համախմբման գործում ցուցաբերվող հետևողական ուշադրության համար:
Այցի ավարտին Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նվիրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի ստեղծման 300-ամյակին նվիրված հուշամեդալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն