Ժողովրդական արվեստի կենտրոնում այսօր հայկական ավանդական խոհանոցով հետաքրքրվողներին բանահավաք Սոնիա Թաշչյանը ներկայացրեց դրա առանձնահատկությունները, տեղեկություններ փոխանցեց հայկական որոշ կերակրատեսակների ծագման եւ անվանման մասին: «Հայկական խոհանոցի հիմքում առողջ սնունդն է(«առողջություն»՝ «առ» «ողջություն»)՝ այն մթերքները, որոնք որպես հրաշալիքներ մեզ տվել է մեզ բնությունը: Տգետ է հնչում, երբ ասում են, թե հայկական խոհանոցն աղքատիկ է…չիմացությունը չի ենթադրում, թե աղքատիկ է: Եթե ինչ-որ բան չգիտենք, պետք է գոնե լռել ու սովորել»,-համոզմունք հայտնեց նա:
Սոնիա Թաշչյանը նկատեց՝ բնամթերքներով հարուստ հայկական լեռնաշխարհում ստեղծվել է յուրահատուկ ավանդական խոհանոց, որի առանձնահատկություններից մեկը «ժուժկալությունն» է, այսինքն՝ առօրյա ճաշերի բաղադրիչը եղել է մեկ մթերքը. «Համեղությունը պարզության մեջ է եղել: Իսկ առհասարակ՝ ավանդական կերակրատեսակներում մի քանի համեր են զուգորդվում՝ կծու, թթու, աղի, քաղցր: Դա համային յուրահատուկ ներդաշնակություն է եւ սննդարար է: Եթե համեղ չլինի, հավատացեք՝ այդ կերակրատեսակները չէին կարող դարեր ի վեր մեզ փոխանցվել, դրանք պարզապես կկորչեին»:
Բանահավաքը նկատեց՝ հայկական ճաշատեսակները հաճախ օտարալեզու անվանումներ ունեն, եւ դա պատճառ ունի. «Մենք 6 դար ապրել ենք թուրքերի տիրապետության տակ, մեր խոհարարները պատրաստել են օտարների իշխանության ներքո: Թուրքերեն անվանումների փոխարեն կարող ենք մեր բարբառային տարբերակներն օգտագործել: Ինչո՞ւ ասել «Քյուֆթա», եթե կարելի է ասել «Կոկոլիկ», «Կոլոլակ». այդ ուտեստը մի շարք անվանումներ ունի: Այնպես որ, ջուր մի լցրեք օտարների ջրաղացին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ