«Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր Armnational.am տեղեկատվական կայքի շնորհանդեսն է, որի նպատակը, ինչպես նախաձեռնողները նշեցին, աշխարհասփյուռ հայությանը միավորելն է: Այս տարի «Հայաստան-սփյուռք» հերթական համաժողովը ՀՀ Հանրային խորհրդին առաջարկել էր ստեղծել համազգային խորհուրդ, այլ կերպ ասած՝ գործակցության եւ փոխօգնության համազգային կառույց: Նախագիծն արդեն ներկայացվել է ՀՀ Նախագահին, ԱԺ-ին եւ Կառավարությանը, իսկ հանրության կարծիքներն ու առաջարկները լսելու համար ստեղծվել է նշյալ կայքը, որի միջոցով նաեւ սփյուռքահայերը կարող են մասնակցել առցանց քննարկումների:
«Սփյուռքահայերն իրենք հարց բարձրացրին, որ ժամանակն է կառույցներ ստեղծել: Սփյուռքահայության երեւի 5 տոկոսն է մասնակից ընդհանուր գործունեությանը, հետեւաբար, հարց է առաջանում՝ ի՞նչպես ներգրավել նրանց հայկական կյանքի մեջ»,-հայտարարեց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
ՀԽ անդամ Արշակ Սադոյանը, որը մասնակցել է նախագծի ստեղծմանը, նշեց՝ համազգային կառույց ստեղծելը ժամանակի հրամայականն է, որպեսզի հայությունը դիմակայի մարտահրավերներին. «Այն հնարավորություն կտա միմյանց օգնել, գիտելիքներ փոխանցել, իրար թիկունք կանգնել: Մեր կարգախոսն է՝ հայ լինելը պետք է լինի օգտակար»:
Նախագծի քննարկման մասնակից, «Էթիկայի դպրոցի» տնօրեն Գեւորգ Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նման ձեւաչափով կառույցի ստեղծումը կնպաստի հայության ներուժի համախմբմանը:
«Հայ ազգը բացառիկ է նաեւ նրանով, որ գրեթե բոլոր երկրներում ունի հաջողության հասած անձեր, որոնք ներկայացնում են հայկական շահը: Կարծում եմ՝ պետք է կազմել ազգային գաղափարախոսությանը միտված գործնական ծրագիր, որը հնարավորություն կտա տարբեր ոլորտների մարդկանց համախմբվելու այս գաղափարի շուրջը»,-ասաց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ ներկայի հրամայականն է օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից եւ նպաստել համազգային խնդիրների լուծմանը. «Սփյուռքի կողմից փնտրենք ոչ թե հիասթափություն, այլ լուծումներ, որովհետեւ խնդիրները բոլորին են հայտնի: Շատ անգամ գործակցություն ասելով հասկանում ենք, թե Սփյուռքը պարտադիր պետք է ինչ-որ բան անի Հայաստանի համար, բայց երկկողմանի գործակցության խնդիր կա. իսկ մե՞նք ինչ պետք է անենք, որպեսզի Սփյուռքը համախմբվի մեր շուրջը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ