ՀՀ ոստիկանապետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ ՀՀ ԶՈՒ մայոր Սարգիս Ստեփանյանին հանդիսավոր պայմաններում շնորհվեց ՀՀ ոստիկանության ամենաբարձր՝ «90-ամյակի հոբելյանական» մեդալը:
Պատվավոր պարգեւը Սարգիս Ստեփանյանին հանձնեց ՀՀ ոստիկանության մարտական պատրաստվածության եւ ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, գնդապետ Գառնիկ Հայրապետյանը:
Սարգիս Ստեփանյանը ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման ընթացքում վիրավոր ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ ականի պայթյունի հետեւանքով զրկվել է երկու ոտքից ու աջ ձեռքից: Սակայն հայկական բանակի սպան ոգու արիությունը չի կորցրել, շարունակել է ապրել լիարժեք կյանքով, նոր հաղթանակներ տոնել արդեն սպորտում:
Վերջերս Լեհաստանի Ռումիա քաղաքում անցկացված բազկամարտի աշխարհի գավաթի առաջնությունում նա երկու անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը. 75 կգ քաշային կարգում՝ «հենաշարժողական խնդիրներով» եւ 80 կգ քաշային կարգում՝ «վերին վերջույթների խնդիրներով» մարզիկների պայքարում: Մայոր Ստեփանյանը մեկ արծաթե մեդալ էլ նվաճել է բացարձակ քաշային կարգում:
Արարողության ընթացքում Սարգիս Ստեփանյանը նաեւ հանդիպեց պատանի դինամոյականների հետ, պատմեց իր անցած ուղու, հաջողությունների եւ դժվարությունների, հայրենի հողի արժեքի եւ սպորտով զբաղվելու կարեւորության մասին: Նրա ապրած կյանքը, հանդիպումը պատանի մարզիկների համար քաջության, օրինակելիության եւ հայրենասիրության անփոխարինելի դաս եղան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ