Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ցուցանիշները ԵԱՏՄ-ում ամենալավն են

Դեկտեմբեր 23,2017 12:52

ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը դրական է համարում այն, որ ԵԱՏՄ շրջանակներում ազատականացվում են շուկաները: Այդ մասին նա ասաց այսօր, Եվրասիական փորձագիտական ակումբի չորրորդ ամենամյա «ԵԱՏՄ երեք տարին. Նվաճումներ եւ հեռանկարներ» թեմայով համաժողովի ժամանակ: Դեսպանն ընդգծեց տրանսպորտի եւ դեղերի շուկաներում իրականացվող դրական աշխատանքները: Նաեւ այն, որ ջանքեր են գործադրվում միասնական արտադրանքների արտադրության ոլորտում: 2017-ի տնտեսական ցուցանիշներն իրեն հուսադրող են թվում:

Բայց նկատում է. «Այս թվերը կարող էին անհամեմատ ավելին լինել, եթե որոշ երկրներ չզգային իրենց վրա պատժամիջոցների բացասական ազդեցությունը, որոնք կիրառում են իրենց «համայն աշխարհի ուժեղներ» անվանող երկրները»: 2017-ին Բելառուսի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ, աճել է 27 տոկոս: Նկատում է, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն առաջ է անցել Բելառուսից: Ամեն դեպքում, դեսպանը փաստում է`ԵԱՏՄ-ն կայացել է եւ նրա շինարարությունը 2018-ին ավելի դրական արդյունքներ կամրագրի: Նա նոր տարր է համարում ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի ստորագրումը: Կարծում է, որ սա կարող է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունների հարթակ դառնալ:

ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւն էլ նկատեց`չնայած բոլոր խոչընդոտներին, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները ընդգծում են զարգացման դրական դինամիկան: «Ամենալավ տվյալները Հայաստանինն են, թե 2016-ին, թե 2017-ի դեռ վերջնական չամփոփված տվյալներով: Խոսքն արտահանման դրական դինամիկայի մասին է, թե ԵԱՏՄ երկրներ, թե երրորդ երկրներ»,- ասաց դեսպանը:

Նա նկատեց`Հայաստանում IT ոլորտը բավական աչքի է ընկնում, դեռ խորհրդային տարիներ էլ դա ակնհայտ էր: Ասաց`սա պետք է զարգացնել, այն կարող է տնտեսությունների զարգացման առաջատարը դառնալ: Ըստ դեսպանի, այս հարցում Բելառուս եւ ՀՀ-ի միջեւ մրցակցություն կա. «Տնտեսության թվայնացման լոկոմոտիվի դերն իր վրա է վերցրել Բելառուսը, բայց անկեղծ խոսենք, Հայաստանում լավ պոտենցիալ կա»:

Դեսպանը կարծում է, որ անկեղծությունը պետք է լինի ԵԱՏՄ-ում համագործակցության հիմքը, միմյանցից չպետք է հարկեր թաքցնենք, անգամ եթե շատ մանր բաների մասին է խոսքը. «Փոքր սուտը կարող է անվստահություն առաջացնել»: Նաեւ հավելում է` ԵԱՏՄ-ում քաղաքականությունը պետք է լինին նվազագույն. «Սա մեր դիրքորոշումն է: Քաղաքականությամբ մարդկանց չես կերակրի, աշխատավարձ չես բարձրացնի, դա ընդամենը գործիք է տնտեսական հնարավորությունները առավելագույնի հասցնելու համար»: Ղազախստանը մնում է իր դիրքորոշմանը`տնտեսությունների ինտեգրումը մեկ, միասնական տնտեսության մեջ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Ալեքսանդր Վասիլեւի համար էլ անսպասելի, նույնիսկ զարմանալի են Հայաստանի ամփոփիչ արդյունքները: Վերամշակող արդյունաբերության ոլորտում դրական տեղաշարժեր կան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում են ակնկալում զարգացումներ: Ասում է`Հայաստանի օրինակը պետք է մյուս երկրների համար փորձ լինի, թե ինչպես կարելի է մոբիլիզացնել հնարավորությունները:

Ի դեպ, միջոցառման ժամանակ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ «Առավոտը», եւ լրագրողներ պարգեւատրվեցին Եվրասիական տնտեսական ակումբի կողմից շնորհակալագրերով`ԵԱՏՄ-ի գործունեությունը բազմակողմանի լուսաբանելու համար: Ակումբը համալրվեց նոր անդամներով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031