Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պարտավոր ենք բարձր պահել հանուն հայրենիքի մարտիրոսված տղաների հիշատակը»

Դեկտեմբեր 23,2017 11:54

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Պաշտպանության բանակի գնդապետ Արմեն Գյոզալյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերից մեկում ենք: Շարքային Վիգեն Ոսկանյանը զորամասի հրամանատարության և դիրքի ավագի կողմից բնութագրվեց որպես լավագույն դիրքապահ և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող զինծառայող: Հենց դիրքում էլ նրանից փորձեցինք իմանալ` որն է ծառայությունը պատասխանատու, բարեխիղճ կատարելու սեփական գաղտնիքը: Նա արտահայտեց հետևյալ կարծիքը. «Հատուկ գաղտնիք կամ սկզբունքներ գոյություն չունեն: Պարզապես ինձ տրված առաջադրանքները, իմ պարտականությունները կատարում եմ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ գիտակցում եմ դրա նշանակությունն ու կարևորությունը: Կանգնած լինելով դիրքում` դիրքապահներով ոչ միայն մեր անվտանգությունն ենք ապահովում, այլև մեր հարևան դիրքի տղաների, մեր հարազատների ու ողջ ժողովրդի: Դժվար է այս ամենը գիտակցել, փորձել աչքաթող անել կամ երկրորդական համարել այդպիսի պարտականությունների կատարումը: Եթե յուրաքանչյուր զինծառայող գիտակցի այս ամենը և պատասխանատվությամբ կատարի իր ծառայողական պարտականությունները, ապա կարծում եմ` մենք կունենանք ավելի անառիկ, ավելի անվտանգ հայրենիք»:

Վիգեն Ռաֆիկի Ոսկանյանը ծնվել է 1997 թվականի դեկտեմբեր 14-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար համայնքում: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականին: Դեռևս պատանի տարիքից զբաղվել է սպորտով՝ թեթև ատլետիկայով, ինչն իր հերթին նպաստել է ծառայողական պարտականությունների բարձր մակարդակով կատարմանը: Մասնավորապես, ֆիզիկական կոփվածությունն օգնել է հաղթահարելու դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում առաջացած մի շարք խնդիրներ՝ դժվարությունները հաղթահարելու, մշտապես զգոն լինելու և դիտորդի պարտականություններն առույգ կատարելու համար: Այս հանգամանքը նրան օգնել է նաև ծառայակից ընկերների ու հրամանատարության շրջանում ճիշտ ընկալվելու և հարգանք ձեռք բերելու տեսանկյունից: Շնորհիվ ֆիզիկական ունակությունների` նա կարողացել է բարձր արդյունքներով ավարտել ուսումնական փուլի պարապմունքները` արժանանալով «Լավագույն զինվոր մարզիկ» կոչմանը:

Վիգենը զինծառայության և հայրենասիրության, դիրքապահի պարտականությունների կատարման կարևորության մասին գիտակցում էր նախքան զորակոչվելը: Իսկ զինծառայության առաջին ամիսներին, երբ սկսվեց ապրիլյան առճակատումն, այդ ամենը, ինչպես ասում են, միս ու արյուն ստացավ: Ճիշտ է, այն ժամանակ նա դեռևս ուսումնական գումարտակում էր և մարտական գործողություններին անմիջական մասնակցություն չի ունեցել, սակայն այն, ինչ զգացել ու լսել է ծառայակից ընկերներից, երբեք չի մոռանալու:

«Հայրս 90-ականներին մասնակցել է Արացախյան ազատամարտին, մեծ եղբայրս անցած տարի է ավարտել ծառայությունը, և բնականաբար տեղեկացված էի թե՛ պատերազմի, թե՛ զինծառայության մասին: Բայց ապրիլյան իրադարձությունները մեզ համար ավելի մեծ դաս ու փորձ հանդիսացան հետագա ծառայողական պարտականություններն ավելի մեծ պատասխանատվությամբ կատարելու համար: Բոլոր զինծառայողներն էլ գիտակցաբար են վերաբերվում դիրքապահի պարտականությունների կատարմանը, քանի որ իրենց մաշկի վրա են զգացել նենգ ու դարանակալ թշնամու գործունեությունը: Ոմանց ծառայակից ընկերն է հակառակորդի գնդակից զոհվել, մյուսի հարազատը, և մենք պարտավոր ենք ու մեր ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ բարձր կպահենք հանուն հայրենիքի մարտիրոսված տղաների հիշատակը»,- նշում է շարքային Վիգեն Ոսկանյանը` շեշտելով, որ այդ ամենը քաջ գիտակցում են բոլոր զինծառայողները:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031