Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի միլիոնանոց կոնյակներն ու հուշանվերները. «Հրապարակ»

Դեկտեմբեր 23,2017 11:50

Պետական գերատեսչությունների կողմից գնումների մասին որոշ հայտարարություններ ուսումնասիրելիս անխուսափելիորեն հանգում ես մի եզրակացության, որ այդ մարմիններից շատերը տարիներ շարունակ լծված են եղել պետության միջոցները մսխելու գործին: Մեր ուշադրությունը գրավեց 2016 թ. փետրվարի 2-ին ՊՆ-ի կողմից առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ բանակցային ընթացակարգի արդյունքում կնքված մի քանի պայմանագիր:

ՊՆ-ն 5 տարի, 10 տարի եւ 20 տարի հնեցմամբ 0,7 լիտր տարողությամբ կոնյակներ է գնել, որոնցից 300 շիշը՝ 5 տարվա հնեցմամբ, ինչի ձեռքբերման համար վճարվել է 3 միլիոն դրամ, 10 տարի հնեցմամբ 30 շիշ կոնյակի համար՝ 540 հազար, 20 տարի հնեցմամբ 90 շիշ կոնյակի համար՝ 4,05 մլն․ դրամ: Բնական, ոչ թանկարժեք քարից 300 հատ հուշանվերի համար վճարվել է 6 մլն․, 587 հատ փայտյա հուշանվերի համար՝ 5 մլն․ 870 հազար, 30 հատ «Մետաղյա բաժակ» հուշանվերների համար էլ՝ 9 մլն․ դրամ:

Գնումը կատարվել է «ԻՍՍ ԼՈԳԻՍՏԻԿԱ» ՍՊԸ-ից, վճարվել է 28 մլն․ 460 հազար դրամ: Այս շքեղ գնումը, նկատենք, ապրիլյան պատերազմից առաջ է կատարվել: Ուշագրավ է, որ նույն այս ընկերությունից ՊՆ-ն գնում է կատարել նաեւ 2014-ի փետրվարի 2-ին՝ դարձյալ կոնյակ եւ նույնատիպ հուշանվերներ: 420 հատ 0,7 լիտր տարողությամբ, 5 տարվա հնեցմամբ եւ 20 տարվա հնեցմամբ 80 հատ կոնյակ: Գնվել են նաեւ 230 հատ խորհրդանշական նվեր՝ փայտյա (խաչքար, մոմակալ), հուշանվեր՝ բնական, ոչ թանկարժեք քարերից՝ 200 հատ (օբսիդիան/օնիքս, սեղանի հավաքածու/ժամացույց, գրառման թղթեր տեղադրելու հնարավորություն, գրիչ, պատվանդանով եւ հայկական պատկերներով/տուփով, ըստ անհրաժեշտության), եւ մետաղյա բաժակներ (արծաթյա, բնական քարերով եւ հայկական պատկերներով ձեւավորված)՝ 30 հատ:

Կոնյակների 1 հատի համար վճարվել է, համապատասխանաբար, 9 հազար 400 եւ 44 հազար 800 դրամ, հուշանվերների համար՝ հատը, համապատասխանաբար, 10 հազար, 20 հազար եւ 300 հազար դրամ: Հիշյալ ապրանքների դիմաց պետբյուջեից վճարվել է 23 մլն․ 140 հազար 400 դրամ: 2013-ի հունվարին էլ դարձյալ այս ընկերության միջոցով ձեռք են բերվել 0.5 լիտր տարողությամբ 450 հատ «Ընտիր», 0.75 լիտր տարողությամբ 250 հատ «Ախթամար» եւ 100 հատ «Նաիրի» տեսակի կոնյակներ: Գնվել են նաեւ «Օբսիդիանից սեղանի հավաքածու» հուշանվեր՝ 115 հատ, եւ 33 հատ մետաղյա բաժակ: Վճարվել է 28 մլն․ 650 հազար դրամ: Այսինքն՝ երեք տարվա կտրվածքով պետբյուջեից միայն ՊՆ-ի կոնյակների եւ հուշանվերների համար ծախսվել է 80 մլն․ 250 հազար 400 դրամ, մոտ՝ 167 հազար դոլար:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031