Օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում 31-ամյա Գոռ Հակոբյանի կողմից 24-ամյա կնոջը զենքի գործադրմամբ պատանդ պահելու գործը երկու օր առաջ կարճվել է:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Մեր զրույցում Տռուզյանն ասաց, որ քրեական գործը կարճվել է Գոռ Հակոբյանի մահվան հիմքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 35-րդ հոդվածի 10-րդ կետով: Միաժամանակ սակայն, նրա խոսքով՝ քննիչը այդ նույն քրեական գործի նյութերի հիման վրա հարուցել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ի մասով (թմրամիջոցների իրացում) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելը): Այլ կերպ ասած, սույն քրեական գործով պետք է քննության առարկա դառնա, թե ո՞վ է պատանդառու Գոռ Հակոբյանին մեթամֆետամին տեսակի թմրամիջոց իրացրել:
Ինչ վերաբերում է փամփուշտներին, ապա նախաքննության սկզբում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել Գոռ Հակոբյանի բնակարանում։ Նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ատրճանակի (Մակարով) փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտներով: Նույն տրամաչափի փամփուշտ էր հայտնաբերվել նաեւ նրա ավտոմեքենայի սրահից։
Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում