Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնորդվել սեփական օրակարգով

Դեկտեմբեր 23,2017 10:00

Երեկ ինձ մոտեցավ գործընկերներիցս մեկը, որի աշխատանքը ես շատ հարգում եմ: Ասաց, որ կարդում է իմ գրածները եւ երբեմն դրանց արձագանքում է, բայց ենթադրեց, որ ես այդ արձագանքները չեմ կարդում: Պատասխանեցի՝ կարդում եմ, քանի որ, անկախ նրանից, նա համաձայն է ինձ հետ, թե ոչ, նրա գրածների մեջ չկա թույն եւ չկա որեւէ մեկին ցավ պատճառելու ու դրանով ինքնահաստատվելու ցանկություն: Խմբագրի բազմամյա փորձս թույլ է տալիս ինձ առաջին իսկ նախադասությունից հասկանալ, թե որո՛նք են գրողի դրդապատճառները, եւ ըստ այդմ՝ կարդալ կամ չկարդալ նրա գրածները: Քանի որ aravot.am կայքում եւ ֆեյսբուքում մեկնաբանություններ գրողների մեծ մասը նույն մարդիկ են, գործս մեծ չափով հեշտանում է՝ հանդիպելով որոշակի անունների կամ կեղծանունների, ես նրանց գրածն իսկապես չեմ կարդում:

Նույնկերպ եմ վարվում, երբ մեկնաբանությունը սկսվում է որեւէ «շշպռող» ձեւակերպումից: «Համացանցային» փորձս անցել է երեք փուլ. 1/ կարդալ այդ մեկնաբանությունները եւ պատասխանել, ինչը ծանր եւ հոգեմաշ գործ է, 2/ կարդալ եւ չպատասխանել՝ դա նյարդերի 50 տոկոսանոց խնայողություն է, 3/ չկարդալ:

Ընդհանրապես, ինձ թվում է, մարդիկ շատ են ժամանակ ծախսում իրար ինչ-որ բաներում համոզելու, արդարանալու, «սպանիչ», «զգետնող» փաստարկներ գտնելու (մեծամասամբ անձնական բնույթի) եւ բոլոր պարագաներում վեճում ճիշտ դուրս գալու վրա: Դա բացարձակապես անիմաստ զբաղմունք է եւ ինձ մի քիչ հիշեցնում է մեր եւ ադրբեջանցիների վեճը, որը համացանցում պարբերաբար ուղեկցվում է հայհոյանքներով. «մենք ամենահին ազգն ենք – չէ, մենք ենք ամենահինը», «տոլման մեր ազգային կերակուրն է – չէ, մեր ազգայինն է»: Դուք երբեւէ հանդիպե՞լ եք որեւէ ադրբեջանցու, որն այդ վեճից հետո փոխի իր կարծիքը եւ ասի՝ «լավ, համոզեցիք, տոլման ձերն է»: Ես, ճիշտն ասած, չեմ հանդիպել, եւ այդ վեճերը կարդալուց հետո (առաջ, երբ կարդում էի), ոչինչ չէի հիշում՝ բացի վիրավորանքներից: Ավելի ճիշտ չի՞ այդ վեճերի վրա ժամանակ կորցնելու փոխարեն ուժեղացնել սեփական պետությունը, տնտեսությունը, բանակը՝ հակառակորդի հաջորդ հարձակման ժամանակ ուժգին հակահարված տալու համար:

Ճիշտ նույն տրամաբանությունը կիրառելի է նաեւ «ներքին վեճերի» դեպքում: «Հակառակորդիդ» թերությունները փնտրելու փոխարեն՝ արդյոք ավելի խելամիտ չէ՞ նույն ժամանակն օգտագործել քո թերությունները շտկելու վրա, դառնալ ավելի ուժեղ, ինքնավստահ եւ շարժվել սեփական օրակարգով, հասնել սեփական նպատակների իրականացմանը: Մնացածն էլ թող առաջնորդվեն իրե՛նց օրակարգով եւ փորձեն հասնել իրենց նպատակներին: Իսկ ով է լավը, ով վատը՝ դա, ի վերջո, շատ հարաբերական է:

…Մեքսիկացի գրող Միգել Ռուիսը գրում էր, որ ամենավատ դերերը, որոնք մարդը կարող է ստանձնել, երկուսն են՝ Դատավորի եւ Զոհի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սմբատ says:

    Հիրավի, ինքնաքննադատության մեջ բավական մեծ խորհուրդ կա, և դա իմ պարագայում ինձ դրդում է դեպի կատարելագործում։
    Հետաքրքիր հոդված էր, շնորհակալություն։

  2. Nairi says:

    Ձեր տրամաբանությանը հետևելով ոչ-ոք կողքինին չպիտի քննադատի,քանի որ անօգուտ է:Նաև իզուր է Ձեր թերթում մեկնաբանություններ գրելը,քանի որ տոլման,միևնույն է,Ձերն է:Հարգանքներիս հավաստիքը:

  3. Աթանես Ստեփանյան says:

    Հարգելի Արամ մեկ անգամ խորհուրդ տվեցի կարդալ ,, Սիմոն Որդի Սիմոնի,, կարդացիր, ուղղակի հետաքրքիր է։

  4. Աթանես Ստեփանյան says:

    Թե դա նույնպես անօգուտ է

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031