Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ Եվրոպան բաժանեց՝ ամեն ինչի հասանք, բայց կորցրինք ընտանիքը»

Դեկտեմբեր 23,2017 14:00

Նախկին ամուսիններ Կարինե եւ Մկրտիչ Բաբաջանյանները
հայրենիքում հանդես կգան նույն օպերայում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 24-ին կայանալիք Պուչինիի «Տոսկա» օպերայի հայտագրի հայտնվելուն պես՝ սկսվել ու չեն դադարում տարաբնույթ խոսակցությունները: Առիթը 1999 թվականից Գերմանիայում բնակվող ճանաչված օպերային երգիչներ, նախկին ամուսիններ Կարինե եւ Մկրտիչ Բաբաջանյաններն են, որոնք հանդես կգան գլխավոր՝ Տոսկայի եւ Սկարպիայի դերերգերով:

Սոպրանո Կարինե Բաբաջանյանի կարիերան հայրենիքում կարճատեւ եղավ: 1998թ. նա հանդես եկավ ընդամենը Անուշի ընկերուհու դերերգով՝ Տիգրանյանի «Անուշում»: Մեկ տարի անց, Գերմանիայի Քոբլենցի թատրոնի հետ կնքված պայմանագրով սկսվեց ու շարունակվում է երգչուհու իսկապես հաղթարշավը հեղինակավոր թատրոններում: Մեկնելուց հետո նրան հայրենիքում հանդիպել ենք ընդամենը մեկ անգամ՝ 2015թ. եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) ընկերակցությամբ: Գերմանիա տեղափոխվելուց հետո Մկրտիչ Բաբաջանյանի արվեստի հետ փոքր-ինչ ավելի շատ շփվելու հնարավորություն ունեցանք, վերջին անգամ՝ ընթացիկ տարվա աշնանը, Շուշիում եւ Երեւանի օպերային թատրոնում կայացած Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի շնորհիվ (բեմադրող դիրիժոր՝ Սուրեն Շահիջանյան, ռեժիսոր՝ Արմեն Փիրի Մասիհի), որտեղ նա ներկայացավ հենց Դավիթի դերերգով: Նախորդ այցի ժամանակ Մկրտիչ Բաբաջանյանի հետ զրույցը զուտ ստեղծագործական բնույթի էր («Առավոտ», 26.07.2017թ.): Նույնիսկ չհետաքրքրվեցինք հեղինակավոր թատրոններում ցանկալի հյուր՝ սոպրանո Կարինե Բաբաջանյանի կարիերայով, որովհետեւ զրուցելով Երեւան հյուրախաղերի եկած ոչ միայն վոկալիստների, այլեւ այլ ոլորտի արվեստագետների հետ, առիթի դեպքում նրանք առաջինը բարձրաձայնել են Կարինե Բաբաջանյան անունը:

Կարինե Բաբաջանյանը Տոսկայի կերպարում:

«Առավոտի» հետ այս հանդիպման ժամանակ, այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե ինչու Եվրոպայում բուռն կարիերա սկսած ամուսինները համատեղ 15 տարիներից հետո հեռացան միմյանցից: «Մենք չենք բաժանվել, պարզապես հեռացել ենք: Քոբլենցի օպերային թատրոնում, որտեղ հայտնվեցինք 1999թ., Կարինեն աշխատանքային պայմանագիր էր կնքել 2 տարով: Ես էլ սկսեցի իմ կարիերան: Պատահում էր երկու ամիս, նույնիսկ ավելի երկար ժամանակ մենք չէինք հանդիպում միմյանց: Ունենք հրաշք դուստր: Հետո եղավ այն, ինչ եղավ: Ես, փաստորեն, երկրորդ անգամ ամուսնացա, կինս գերմանուհի է՝ Թերեզա Բեկ-Բաբաջանյանը, որը զբաղվում է տուրիզմով, զուգահեռ էլ հանդիսանում է իմ իմպրեսարիոն»,- մանրամասնեց Մկրտիչ Բաբաջանյանը: Ինչ վերաբերում է մեր օպերային թատրոնի հրավերին՝ հանդես գալ «Տոսկայում», բարիտոնն ասաց. «Դեռեւս «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրական աշխատանքների ժամանակ Կոնստանտին Օրբելյանի հետ զրույցում, երբ խոսք գնաց Երեւանի թատրոնում 2016թ. բեմադրված «Տոսկա» օպերայի մասին (բեմադրող դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան), ասացի, որ շուրջ 40 անգամ տարբեր թատրոններում հանդես եմ եկել Սկարպիայի դերերգով: Հավանաբար դա էր պատճառը, որ մաեստրոն հրավիրեց ինձ: Ինչ վերաբերում է Կարինեին, զրույցի ժամանակ Օրբելյանը հիացմունքով խոսեց նրա արվեստի մասին: Ինձ էլ հարցրեց՝ նույն ազգանունն եք կրում, քո՞ւյրդ է: Հետո, ինչպես հաճախ է պատահում, փոխվեց խոսակցության թեման ու հարցը մնաց անպատասխան: Բայց հիշում եմ, որ մաեստրոն ասաց, թե կուզենար տեսնել Կարինեին Տոսկայի դերում…»:

Սկարպիա (Պուչինիի «Տոսկա»)

Կարինե Բաբաջանյանը տեղեկացրեց, որ ամռանը մասնակցել է Պուչինիի ծննդավայր Տորե դել Լագո քաղաքում 30-րդ անգամ անցկացվող Պուչինիի անվան փառատոնին, հանդես է եկել Միմիի դերերգով «Բոհեմ» օպերայում: Իսկ Տոսկայի դերերգը վերջին անգամ կատարել է դեկտեմբերի 2-ին, Լայպցիգի օպերային թատրոնում:
Երգչուհուն փոխանցեցինք որոշ արվեստագետների կողմից շրջանառվող կատակը՝ «Տոսկայում» հերոսուհին դանակահարում է Սկարպիային, կարո՞ղ է հանկարծ, Աստված մի արասցե, «իր» Տոսկան էլ նույն կերպ վարվի: Կարինե Բաբաջանյանը նախ ժպտալով ասաց, թե ցավում է, որ ըստ լիբրետոյի պետք է գնա այդ քայլին, հետո էլ պատասխանեց. «Մեզ Եվրոպան բաժանեց: Ամեն ինչի հասանք, բայց կորցրինք ամենակարեւորը՝ ընտանիքը: Այդուհանդերձ, հիանալի ընկերներ ենք»:

Մադամ Բաթերֆլայ

Իսկ Մկրտիչ Բաբաջանյանն էլ հիշեց, որ տարիներ առաջ այս ներկայացման ընթացքում իտալացի երգչուհին այնքան էր տարվել խաղով, որ իսկապես դանակահարել է իրեն, ինչի արդյունքում որովայնի շրջանում 10 սմ վերք է բացվել:

 

Սասունցի Դավիթ՝ Մկրտիչ Բաբաջանյան:

 

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

22.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՐԳԱՆՔՍ բոլոր նրանց, ովքեր չեն լքել հայրենիքը՝ հանուն Եվրոպայի ամեն ինչի …

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031