Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բռնցքամարտիկները Տոկիո 2020-ի ուղեգրերի համար կշարունակեն պայքարել նաեւ պրոֆեսիոնալ ռինգում

Դեկտեմբեր 23,2017 13:30

«Օլիմպավանում» բռնցքամարտի ազգային հավաքականի անդամներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը եւ Գոռ Երիցյանը հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ միասին հանդիպեցին լրագրողներին:

Այս բռնցքամարտիկները Ռիոյի օլիմպիական խաղերից հետո հավաքականի կազմում հանդես գալուն զուգահեռ կարիերա են սկսել նաեւ պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ հասցրել են առաջին հաջողությունները գրանցել: Նրանք միասին անցկացրել են տասնյոթ մենամարտ եւ բոլորում էլ հաղթել են: Հատկանշական է, որ նրանք այդ մարտերից միայն չորսում են միավորներով հաղթել, մյուսներն ավարտվել են նոկաուտով:

Ավագյանը, Երիցյանը եւ Աբգարյանը հետագայում էլ շարունակելու են համադրել սիրողական եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտերը՝ հաշվի առնելով, որ AIBA-ն թույլատրել է բռնցքամարտիկներին համատեղել երկու ռինգերը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհներից մեկն է դարձել: Այդ պատճառով էլ նրանք շատ են աշխատելու լավ մարզավիճակ ձեռք բերելու եւ 2019 թվականին նաեւ այդ ճանապարհով Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճելու համար:
Լրագրողների խնդրանքով բռնցքամարտիկներն առանձին-առանձին խոսեցին իրենց պրոֆեսիոնալ կարիերայի մասին:

Արամ Ավագյան (6 հաղթանակ՝ 4-ը նոկաուտով). «Վերջին մենամարտից առաջ Ծաղկաձորում հավաք անցկացրինք: Հասցրեցի լավ պատրաստվել, ռինգում կիրառեցի մարզչիս խորհուրդները եւ ժամանակից շուտ հաղթանակով ավարտեցի մարտը: Ապագայի պլանների մասին հստակ ոչինչ չեմ կարող խոսել, ամեն ինչ դեռ քննարկման փուլում է: Երբ պարզ դառնա, կհայտնեմ լրագրողներին»:

Գոռ Երիցյան (4 հաղթանակ, բոլորը՝ նոկաուտով). «Վերջին մրցակիցս Վրաստանի ներկայացուցիչն էր: Լավ տրամադրված էի մենամարտին եւ հասա անհրաժեշտ արդյունքին: Այնուհետեւ հավաքականի կազմով մեկնեցինք Լեհաստան՝ մասնակցելու սիրողական մրցաշարի, որտեղ եւս բարձր մակարդակով հանդես եկանք: Ոչ մեծ հանգստից հետո այժմ շարունակում ենք մարզվել: Ապագա մենամարտի հետ կապված ես նույնպես չեմ տիրապետում հստակ ինֆորմացիայի»:

Նարեկ Աբգարյան (7 հաղթանակ՝ 5-ը նոկաուտով). «Աստիճանաբար պետք է ավելի ուժեղ մրցակիցների դեմ պայքարենք: Փետրվարի 10-ին մենամարտ ունեմ ԱՄՆ-ն ներկայացնող լուրջ բռնցքամարտիկի հետ, որն ունեցել է 8 հաղթանակ, 2 պարտություն եւ մայրցամաքային վարկածներից մեկի չեմպիոնական գոտի: Շատ մանրակրկիտ պետք է պատրաստվեմ այդ մենամարտին»:

Արամ Ավագյանի, Նարեկ Աբգարյանի եւ Գոռ Երիցյանի գործերով պրոֆեսիոնալ ռինգում զբաղվում է ռուսական «Punch Boxing Promotions» կազմակերպությունը, որը գլխավորում է մեր հայրենակից Արամ Դավթյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

22.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031