Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրք նախարարի ասածից որեւէ բառ, եւ նույնիսկ կետադրական նշան, ներառված չի եղել հայ-թուրքական արձանագրություններում»

Դեկտեմբեր 22,2017 23:03

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին: Մասնավորապես՝ դիտարկմանը, թե՝ վերջերս Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները  գարնանը ոչ վավեր կհամարվեն, Թուրքիայից արձագանքներ եղան՝ իրենք պատրաստ են դրանք վավերացնել, առաջ քաշելով նախապայմաններ, տարածքների վերադարձ եւ այլն, Շարմազանովը պատասխանեց.

«Նախ՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունն   առնվազն տարօրինակ է եւ առնվազն անընդունելի է ոչ միայն հայկական կողմի, այլ նաեւ առհասարակ, բոլոր միջնորդ կողմերի համար: 2009 թվականին ցյուրիխյան արձանագրություններն առանց նախապայմանների էին:

Այն, ինչ ասում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, որեւէ բառ այդ ասածից, եւ նույնիսկ կետադրական նշան, ներառված չի եղել այդ պրոտոկոլներում: Այդ պրոտոկոլների հիմքում ընկած էին Թուրքիայի եւ Հայաստանի հանրապետության միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խնդիրը: Եվ խոսելով ինչ-որ նախապայմանների մասին դա ընդամենը իրականության խեղաթյուրում է եւ Թուրքիան փորձում  է դրանով իսկ փորձել պատասխանատվությունն իր ուսերից գցել»:

Ըստ Շարմազանովի՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունն այս տարիների ընթացքում իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որը չի բխում տարածաշրջանային անվտանգությունից եւ խաղաղությունից. «Ժամանակին Դավութօղլին հայտարարել էր՝ զրո պրոբլեմ հարեւանների հետ: Այսօր Թուրքիան ոչ թե զրո պրոբլեմ ունի հարեւանների հետ, այլ գրեթե զրոյի է հասցրել հարեւանների թիվը ում հետ պրոբլեմ չունի»:

Շարմազանովի խոսքերով՝ ՀՀ-ն մերժում է ցանկացած նախապայման, եւ հայ-թուրքական հարաբերություններն ու արձանագրությունները կապել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, նույնքան տարօրինակ է, որքան մենք, օրինակ` հայ-թուրքական հարաբերությունները կապենք Կիպրոսի դեօկուպացիայի հետ, կամ թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, կամ թուրք-իսրայելական  հարցերի հետ:

Անդրադառնալով լրագրողի՝ Գարո Փայլանի արած հայտարարության մասին այն դիտարկմանը, որ Փայլանն ասել է՝ Եվրոպայում ապրող հայտնի հայերի նկատմամբ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպելու, Շարմազանովն ասաց.

«Այն, ինչ տեղի ունեցավ թուրքական խորհրդարանում, սա եւս արտացոլում է, որ թուրքական քաղաքական ղեկավարությունը, թուրքական խորհրդարանի ներկայացուցիչները այս հարյուր տարվա մեջ, ինչպես Բուրբոնների մասին էին ասում՝ ոչինչ չեն սովորել, բայց ոչինչ էլ չեն մոռացել: Եթե նրանք 100 տարի առաջ քարերով սպանում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապին, այսօր էլ նրանց խորհրդարանում բռնություն են կիրառում խորհրդարանում ազգային եւ կրոնական  փոքրամասնության  ներկայացուցիչների նկատմամբ:

Քանի դեռ Թուրքիայում կա 301 հոդված, քանի դեռ Թուրքիան գնում է ժխտողական քաղաքականության, քանի դեռ Թուրքիայի ղեկավարությունը այցելում է հարեւան երկիր ոչ թե բանակցելու, այլ պարտադրելու Լոզանի կոնֆերանսի վերանայում, ինչպես եղավ Հունաստանի դեպքում, մենք պետք է գիտակցենք, որ Թուրքիա եւ ժողովրդավարություն, Թուրքիա եւ հանդուրժողականություն բառակապակցությունները հոմանիշներ չեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031