Այս տարի վանաձորցի մի շարք մարզիկներ հաղթանակներ նվիրեցին իրենց երկրպագուներին, տարբեր մարզաձեւերում գրանցելով հաղթանակներ: Այսօր Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժինը կազմակերպվել էր նրանց մեծարման երեկոն:
-Այն ինչ ունեցանք վանաձորյան մարզական կյանքում կարելի համարել մեծ հաջողություն: Սպորտը չի սիրում «կանգ առ» տերմինը, սպորտում միշտ պետք է դեպի առաջխաղացում գնան մեր մարզիկները,- ողջույնի իր խոսքում ասաց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկներն ու նրանց մարզիչները Վանաձորի քաղաքապետարանի եւ Լոռու մարզպետի անունից արժանացան շնորհակալագրերի եւ դրամական պարգեւների:
-Այսօր մենք ընդամենը արդյունքներ ենք ամփոփվում, բայց այս միջոցառման մեջ մեծ խորհուրդ կա, մենք մեծարում ենք մեր լավագույն մարզիկներին, կազմակերպություններին, թիմերին: Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր մարզիկներին ու մարզիչներին այս քրտնաջան աշխատանքի համար,- ասաց Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
Ռուսաստանի եւ Հայաստանի վաստակավոր մարզիչ, սամբիստ Արարատ Սարգսյանը եւս մի քանի մարզիկների հանձնեց նվերներ:
Այսպիսով, Վանաձորի լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է սամբո ըմբշամարտիկ, սպորտի վարպետ, Հայաստանի, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի գավաթակիր Տիգրան Կիրակոսյանը: Լավագույնների թվում են նաեւ ՀՀ առաջնությունների չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ղազարյանը, 3-րդ տեղը զբաղեցնում է սամբո ըմբշամարտիկ, ՀՀ մեծահասակների առաջնության չեմպիոն, Աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Մանուկյանը: 4-րդ հորիզոնականում ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ մեծահասակների առաջնության չեմպիոն Հայաստան մարզակումբի սան Հովհաննես Մաղաքյանն է:
5-րդը հորիզոնականում Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ երիտասարդների առաջնության հաղթող Էրիկ Հարությունյանն է: 6-րդ տեղում ատլետ, Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ և 3-րդ, իսկ ՀՀ մեծահասակների առաջնության 1-ին տեղերի դափնեկիր էլլադա Ալավերդյանը: 7-րդ տեղում Լիլիթ Հարությունյանն է՝ Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, ՀՀ մեծահասակների եւ միջազգային առաջնությունների հաղթող, իսկ 8-րդ հորիզոնականում ազատ ըմբշամարտիկ, ՀՀ մեծահասակների առաջնության 1-ին եւ միջազգային մրցաշարերի 2-րդ ու 3-րդ մեդալակիր Նարեկ Սիրունյան է, 9-րդ հորիզոնականում բռնցքամարտիկ, Եվրոպայի առաջնության մասնակից, ՀՀ մեծահասակների առաջնության չեմպիոն Արման Դարչինյանը: Լավագույն տասնյակը եզրափակեց բռնցքամարտիկ ՀՀ մեծահասակների առաջնության չեմպիոն Գառնիկ Պապիկյանը:
Պատանիների լավագույն եռյակը գլխավորում է սամբո ըմբշամարտիկ, ՀՀ պատանիների առաջնության 1-ին, Եվրոպայի առաջնության 2-րդ եւ Աշխարհի առաջնության 5-րդ տեղերը զբաղեցրած Նարեկ Դալլաքյանը: 2-րդ հորիզոնականում է բռնցքամարտիկ, Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե, ՀՀ ավագ տարիքի պատանների առաջնության ոսկե մեդալակիր Արթուր Շախպազյանն է: Լավագույն եռյակը կիսում են՝ բռնցքամարտիկ Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնության բրոնզե, ՀՀ առաջնության ոսկե մեդալակիր Գագիկ Ղազարյանն ու սամբո ըմբշամարտիկ, Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության 5-րդ տեղ զբաղեցրած Անի Տեր-Հարությունյանը:
Տարվա լավագույն մարզիչը ՀՀ վաստակավոր մարզիչ Աղասի Գալստյանն է, լավագույն վետերան մարզիկը ազատ ըմբիշ Ժորա Հովհաննիսյանն է, լավագույն մարզական կազմակերպությունը՝ ՕՀՄՄԴ-ն, մարզական թիմը՝ Ա. Ազարյանի անվան Կենտրոն Համալիր մարզադպրոցի հանդբոլի թիմը: Լավագույն հաշմանդամ մարզիկներն են ճանաչվել դահուկորդ Սիփան Ծաղկյանը եւ ձյուդո ըմբշամարտիկ Ռոբերտ Գևորգյանը:
Մարզիչները խոստանում են, Վանաձորի համար նաեւ Օլիմպիական մեդալներ են բերելու. «Ինչպես քաղաքապետը նշեց, Օլիմպիական մեդալը պակասում է մեր քաղաքում: Մենք ոչ մի բան չենք խնայելու, մեր ուժերը կներդնենք, եւ կհասնենք օլիմպիական մեդալի,- ասաց մարզիչ Գագիկ Ղազարյանը:
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք» մրցույթում Վանաձոր համայնքը ճանաչվել է հաղթող: Այս տարի Վանաձորում կազմակերպել են 22 եւ ավելի մարզական միջոցառումներ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ