ՄԱԿ-ում ՀՀ-ի՝ կողմ քվեարկելը Երուսաղեմի վերաբերյալ բանաձեւին, ճիշտ էր եւ տրամաբանական: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի ավարտից հետո:
«ՄԱԿ-ում Հայաստանի հանրապետության քվեարկությունը, կարծում եմ, անակնկալ չէր: Մենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մնում ենք խնդրի բացառապես բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից: Եվ նաեւ կոչ ենք անում կողմերին բանակցությունների հիման վրա հասնել տրամաբանական խաղաղ կարգավորմանը»,-ասաց Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ ՀՀ-ն, որպես պետություն, նաեւ ինքն է ներառված բանակցական գործընթացում, եւ չի կարող տեսնել որևէ խնդրի լուծում առանց բանակցությունների, առանց երկու կամ միջնորդ կողմերի միջեւ ծավալուն քննարկումների. «Արտաքին գործերի նախարարը նախկինում խոսել է այդ մասին, մեր քվեարկությունը բխում է պաշտոնական դիրքորոշումից: Մենք չպետք է մոռանանք, որ Երուսաղեմում ունենք շատ լուրջ հոգեւոր ներկայություն, համայնք, եւ այդ իմաստով, մեր քվեարկությունը տրամաբանական էր»:
Շարմազանովը նաեւ նշեց, որ այն հայտարարությունները, թե՝ ՀՀ-ն կարող էր չմասնակցել քվեարկությանը, չէին բխում խնդրի կարգավորման տրամաբանությունից եւ ոչ էլ Հայաստանի շահերից. «Մեր քվեարկությունը եղել է ոչ թե այս կամ այն պետության շահերից ելնելով, այլ՝ Հայաստանի հանրապետության պետականության եւ հայության ազգային շահերից»:
Անդրադառնալով Ղրիմի խնդրին, Շարմազանովն ասաց. «Հայաստանի Հանրապետությունն ունենալով բազմաթիվ խնդիրներ, եւ մենք որպես Արցախի հանրապետության եւ ժողովրդի անվտանգության երաշխավոր, բազմաթիվ անգամներ կարեւորել ենք ժողովրդների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այս իմաստով մենք չենք կարող եւ չպետք է անենք քայլեր, որոնք կվնասեն ինքնորոշման իրավունքին»:
Անդրադառնալով ՀՀԿ ԳՄ նիստին, խոսնակն ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական ցուցանիշներ է հայտարարել, ըստ այդմ, այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.3% է, արդյունաբերական արտադրանքի աճի ծավալը 12.3%, արտահանման աճը՝ 23.5%, առեւտրաշրջանառության աճը՝ 26.4 %:
«Սա ցույց է տալիս, որ այս ամիսների ընթացքում, մանավանդ ընտրություններից հետո ՀՀԿ եւ Հայ հեղափոխական Դաշնակցության կոալիցիոն կառավարությունը հնարավորինս ապահովել են դրական ֆոն եւ մենք տեսնում ենք այն դրական դինամիկան, որն ապահովել է մեր կոալիցիոն կառավարությունը: Հույս ունենք, որ նաեւ 2018-ին կշարունակվի այս դրական տեմպը: Սրա մասին երեկ գործարարների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաեւ ՀՀ նախագահը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ