Խադիջա Իսմայիլի խոսքով՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի օգնականը սպառնացել է չեղարկել ներկայացումը, եթե ինքը լինի հանդիսատեսի շարքում:
Ադրբեջանցի հայտնի լրագրող, նախագահ Ալիևի ընտանիքի բիզնեսների մասին մի քանի սկանդալային բացահայտումների հեղինակ Խադիջա Իսմայիլը ստիպված է եղել լքել օպերայի և բալետի պետական թատրոնի շենքը այն բանից հետո, երբ զգուշացնող գրություն է ստացել առ այն, որ ներկայացումը հնարավոր է չեղարկվի, եթե նա ներկա լինի հանդիսատեսի շարքում:
Խադիջան հրավիրված էր «Մկների և մարդկանց մասին» ներկայացման պրեմիերային, որը բեմադրվել էր ամերիկացի գրող Ջոն Ստեյնբեքի պատմվածքի հիման վրա: Ներկայացումը բեմադրվել էր «Էսա» թատրոնում՝ վերջինիս առաջին տարեդարձի կապակցությամբ. «Էսա» թատրոնը հայտնի է նրանով, որ դերասանների մեծ մասը սահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ են («Էսա» բառը թարգմանաբար նշանակում է «հենակ», «հաշմանդամի փայտ»): Ներկայացման հովանավորներից մեկը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն էր:
Սակայն թատրոնի մուտքի մոտ լրագրողին սպասվում էր գրություն՝ զգուշացմամբ, որ ներկայացումը կարող է չեղարկվել, եթե նա հայտնվի դահլիճում՝ հանդիսատեսի շարքում: Խադիջա Իսմայիլը Facebook–ի իր էջում գրել է, որ այդ հրահանգը եկել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի օգնական Յուսիֆ Մամեդալիևից, որը նույնպես դահլիճում է եղել և տեսել է Խադիջային, երբ վերջինս դուրս էր գալիս մեքենայից:
Ավելի ուշ պարզվել է, որ նույն ներկայացմանը հրավիրված է եղել նաև Ադրբեջանի նախագահի ավագ դուստր Լեյլա Ալիևան:
«Ես չէի ցանկանում տապալել միջոցառումը, ուստի որոշեցի լքել թատրոնը: Իմ գործընկերներից մի քանիսն էլ հետևեցին ինձ՝ որպես զորակցության նշան: Ես նրանց կհրավիրեի ինչ–որ տեղ սուրճ խմելու, բայց վախենում եմ՝ այդ սրճարանն էլ փակեն այնտեղ մեր ներկայությունից հետո»,- գրել է Խադիջան:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «jam-news»-ի կայքում: