Այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպում ունեցան աջ ղեկով մեքենաների վարորդներն ու բողոք-ավտոերթի մասնակիցները: Նրանք նախարարին առաջարկեցին չեղարկել այն որոշումը, որով 2018-ի ապրիլի 1-ից արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու վերահաշվառումը, այսինքն՝ օտարումը, իսկ եթե իսկապես աջ ղեկով մեքենաները չարիք են երկրի համար, պետությունը պետք է առհասարակ արգելել աջ ղեկով մեքենաների շահագործումը: Ըստ նրանց, պետությունը պետք է այդ դեպքում գնի բոլոր աջ ղեկով մեքենաները:
Վահան Մարտիրոսյանը հարցրեց՝ ի՞նչ գնով գնի: Վարորդները միաբերան պատասխանեցին՝ շուկայական արժեքով, որովհետեւ այդպես է պահանջում օրենքը:
Վարորդները նախարարից պահանջեցին հիմնավորում ներկայացնել, թե ինչու են նման որոշում ուզում կայացնել: Նախարարը պատասխանեց, որ իրենց հիմնավորումն այն է, որ աջակողմյան երթեւեկության դեպքում ղեկը պետք է լինի ձախակողմյան:
Վարորդները բողոքեցին, որ իրենք տուն են պահում, իրենց համար իրենց մեքենան անվտանգ է, իրենց ձեռք է տալիս ու հիմա կառավարությունը գալիս է, ասում է՝ այդ մեքենան գիր ու թղթի նման մնաց վրեքներդ, ոչ կարում ես վաճառել, ոչ էլ, պտի կողքդ բերեն մեքենան թաղե՞ն»: Վահան Մարտիրոսյանը արձագանքեց. «Այդ մեքենան կարող է իրենից շուտ մեռնի, հարցը դա չէ»:
Նախարարը վարորդներին հարցրեց՝ դուք դե՞մ եք օրենքը պահելուն: Վարորդները պատասխանեցին՝ օրենքը պահեք, բայց ոչ մեր սահմանադրական իրավունքը խախտելով: Նախարարը մի կոպիտ օրինակ բերեց. «Եթե ընտրության իրավունք է խախտվում, դուք կարող եք ասել՝ եկեք մարիխունա ծխենք, իմ ընտրության իրավունքն է խախտվում: Մեկը ասում է՝ ի՞նչ տարբերություն՝ ես սիգարետ եմ ծխում, թե՞ մարիխուանա, իմ ընտրության իրավունքը խախտում եք»:
Վարորդներն ասացին, որ եթե մենք մեքենա արտադրող երկիր լինեինք, ներմուծումն արգելեիք, հասկանալի կլիներ, իսկ մենք այսօր չենք արտադրում, ուրեմն ինչո՞ւ եք արգելում ներկրել, գնել ուրիշինը:
Քննարկման ավարտին նախարարը ասաց՝ 90 տոկոսը վարորդների ընտրել է ձախ ղեկով մեքենաները, եկեք ընդունեք մեծամասնության կարծիքը. «Ժամանակին ընտրվել են աջակողմյան կանոններ, այդպես էլ մնալու է: Բարի եղեք այսօրվանից կամ ապրիլի 1-ից սահմանափակենք աջ ղեկով մեքենաների ներկրումը: Դա միանշանակ պետք է տենց լինի, ինչքան էլ ուզում եք հիմնավորեք հակառակը, ինչ ուզում եք արեք, դա պետք է սահմանափակվի»:
Միայն վերահաշվարկի մասին դրույթը նախարարը խոստացավ, որ կքննարկի կառավարության հետ եւ իր խոսքով՝ «ռազումնի» առաջարկները կընդունվեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ