Այսօր Գյումրու քաղաքապետարանում պարգևատրում էին Գյումրիի պատիվը բարձր պահած, Հայաստանի Հանրապետության դրոշն աշխարհի տարբեր երկրներում ծածանած չեմպիոններին, նրանց մարզիչներին ու նաև սպորտդպրոցներին։
Քաղաքապետարանի նիստերի դահլիճում նստելու տեղ չկար․ Գյումրու սպորտսմեններն այս տարի տարբեր առաջնություններում նվաճել են 450 մեդալ, միայն աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում նվաճել են 49 մեդալ։
«Ասեմ, որ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության մարզական նվաճումների առնվազն 1/3-ը բաժին է հասնում մեր մարզիկներին։ Միայն մի փաստ մեջբերեմ․անկախությունից հետո Հայաստանի Հանրապետությունն ունեցել է 5 օլիմպիական չեմպիոն, այդ 5 չեմպիոնից 3-ը գյումրեցի են՝ Մնացական Իսկանդարյան, Իսրայել Միլիտոսյան և 21-րդ դարի Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան»,- ասաց Շիրակի մարզպետարանի սպորտ բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը։
Ըստ քաղաքապետարանի սպորտ բաժնի պետ Մեխակ Ղազարյանի էլ, նման արդյունքի կնախանձեին լուրջ մարզական երկրները։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չեմպիոններին պարգևատրելիս՝ կատակներ էր անում, հորդորում՝ «ջիգյարով ծափ տալ»։ Քաղաքապետը, որը միշտ չեմպիոնների առջև վատ է զգում սպորտդպրոցների խայտառակ պայմանների պատճառով, կատակեց. «Մի անգամ հարցրեցի, ինչո՞ւ օլիմպիական չեմպիոն եղար, ստացա այս պատասխանը՝ օլիմպիական չեմպիոն լինում են միայն վատ դահլիճներից»։
Սպորտ բաժնի պետ Մեխակ Ղազարյանն էլ հավելեց, թե Քաթարի սպորտդահլիճները որ մտնես, շքեղությունից բերանդ բաց կմնա, բայց չեմպիոնի կարոտ են, իսկ Գյումրու վատ պայմաններում անընդհատ չեմպիոններ են ծնվում։
«Համբերեք, Գյումրին կունենա սպորտային պալատ, լավ է լինելու»-համոզում էր Գյումրու քաղաքապետը։
Ծանրամարտիկ, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանն էլ ասաց․ «Պետություններ կան, որոնք մեր քաղաքի կես մեդալները չեն ունենում, դրա համար Գյումրին յուրահատուկ քաղաք է»։
Մարզիչներից մեկն էլ խնդրեց մի քիչ բարձրացնել աշխատավարձը, գոնե երիտասարդ մարզիչների, որպեսզի շահագրգռված լինեն աշխատելու։ «Պատկերացրեք մեր մոտ հավաքարարն ու մարզիչն ստանում են նույն աշխատավարձը, բայց չարչարանքը, իհարկե, տարբեր են։ Հետո ինչի՞ պիտի տարբերություն լինի Երևանում աշխատող մարզիչի և մեր մեջ, կամ ինչո՞ւ մարզիչը չպիտի օգտվի սոցիալական փաթեթից»։ Գյումրու քաղաքապետը ընդունեց ասածը՝ խոստանալով բյուջեի սուղ միջոցներով օգնել, եթե աշխատավարձերը բարձրացնելու, ապա պայմանները փոքր-ինչ բարելավելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ