Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին կնոջը կացնահարելու ու զոքանչին սպանելու գործով ներկայացված տեսանյութի հետազոտությունը չստացվեց

Դեկտեմբեր 22,2017 20:15

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց նախկին կնոջը կացնահարելու, իսկ զոքանչին  սպանելու համար մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանի նախաքննական ցուցմունքը ու դատական նիստը հետաձգվեց մինչեւ երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 25-ը:

Գործով տուժող Թագուհի Մանսուրյանի խոսքով, այսօրվա նիստին նաեւ պաշտպանական կողմի ներկայացրած տեսանյութը պետք է հետազոտվեր, որում, ըստ ամբաստանյալի, ակնհայտ երեւում է՝ ինչպես է նախկին կինը հարձակվել իր վրա, ճանկռել՝ հասցնելով մարմնական վնասվածքներ, բայց տեխնիկական խնդիրների պատճառով դատարանը չկարողացավ հետազոտել:

Թագուհի Մանսուրյանի խոսքով, հաջորդ նիստին կավարտվի ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների հրապարակումն ու, ամենայն հավանականությամբ, կողմերը կբարձրաձայնեն ամբաստանյալի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների հակասությունները:

Հիշեցնենք, որ Վլադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի, վերջինիս ծնողներ Կարինե և Վաչագան Մանսուրյանների հետ ունենալով անբարյացկամ փոխհարաբերություններ՝ 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի բակում իր մանկահասակ երեխային` Նորայր Մարտիրոսյանին, տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ վերջիններիս հետ վիճաբանելուց հետո, երբ Թագուհի և Կարինե Մանսուրյանները գնացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, համոզված լինելով, որ նրանք վերադառնալու են տուն, երեխային տեսակցելն արգելելու պատճառով նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կացնով դարանակալել է հիշյալ շենքի շքամուտքում և երբ նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում Թագուհի և Կարինե Մանսուրյանները մտել են Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի մուտք և բարձրացել առաջին հարկում գտնվող իրենց տան ուղղությամբ, շքամուտքում, նրանց համար անսպասելի հետևի կողմից հարձակվել է Թագուհի և Կարինե Մանսուրյանների վրա, նախ` կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա` նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել շքամուտքից դեպի 2-րդ հարկ տանող աստիճաններին կանգնած Կարինե Մանսուրյանի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Այնուհետև, նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու հանկարծակի ծագած դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի և Կարինե Մանսուրյանների օգնության կանչի ձայներից տանից դուրս եկած Վաչագան Մանսուրյանի գլխին, ուսին, ձեռքերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում Վաչագան Մանսուրյանին ապօրինաբար կյանքից զրկելուն ուղղված գործողություններն ավարտին չի հասցրել, քանի որ աղմուկի ձայներից հարևանությամբ բնակվող Սարգիս Գրիգորյանը դուրս է եկել բնակարանից և գործուն միջոցներ ձեռնարկելով` հետևի կողմից փաթաթվելով` Վ.Մարտիրոսյանին հեռացրել է Մանսուրյաններից, խոչընդոտել և կանխել է Վ.Մարտիրոսյանի հանցավոր մտադրության վերջնական իրականացումը:

Բացի այդ, Վլադիկ Մարտիրոսյանը, 2016թ. հունիսի 3-ին, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի հետ, որի ընթացքում սպառնացել է, որ կսպանի, կվերացնի նրան, իսկ երեխան երկու տարեկանը չի բոլորի, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031