Այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպում ունեցան աջ ղեկով մեքենաների վարորդներն ու բողոք-ավտոերթի մասնակիցները: Նրանք նախարարին ասացին, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, երբ մեքենան ներկրել են, գույքահարկ են տվել, բոլոր վճարումները կատարել են ու հիմա պետությունը չի կարող ոտնահարել իրենց սեփականության իրավունքը եւ ասել, որ աջ ղեկով մեքենան այլեւս չես կարող օտարել:
Երթի անդամներն ասացին, որ աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու փոխարեն կառավարությունը կարող էր, օրինակ, ներմուծման դրույքաչափերը փոխել, աջ ղեկով մեքենաների ներկրման դրույքաչափը բարձր սահմանել, եթե մարդն ուզենա՝ ներկրի: Նախարար Վահան Մարտիրոսյանն արձագանքեց՝ ասենք, 1000 տոկոսով բարձր լինի, հա՞: Վարորդներն էլ պատասխանեցին, որ խոսքը ողջամիտ դրույքաչափի մասին է, պետք է հաշվի առնել նաեւ մեր բնակչության սոցիալական վիճակը:
Վահան Մարտիրոսյանն ասաց, որ միջգերատեսչական հանձնաժողովի որոշումն է դրվել քննարկման, ոչ թե նախարարության: Նա նշեց, որ երբ աջ ղեկով մեքենայի վարորդի կողքի ուղեւորն իջնում է մեքենայից, շատ վտանգավոր է: Ձախ ղեկով մեքենայի վարորդը, երբ իջնում է, ինքը նայում է հայելուն: Նախարարը սկսեց բացատրել, թե աջ ղեկով մեքենայով վազանց կատարելիս ինչ խնդիրներ են լինում:
Աջ ղեկով մեքենա ունեցող վարորդներից մեկը՝ «ԼոգոՍ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արա Մելիքջանյանը նախարարին առաջարկեց՝ «Որեւէ խնդիր չկա, դուք կարող եք հիմա իջնենք, նստեք իմ մեքենան՝ իմ կողքին…»: Նախարարը միանգամից ընդհատեց՝ ասելով. «Ես ձեր կողքին չեմ նստի, ես ձեր կողքին նստեմ…կամիկաձե չեմ»: Նախարարին հարցրեցին՝ երբեք աջ ղեկով մեքենա չե՞ք նստել: Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Նստել եմ ու վախեցել եմ, դրա համար եմ…»:
Վարորդները նախարարին ասացին՝ դուք չունեք ուսումնասիրություն, ո՞վ է ընկել նախարարության հետեւից, գոնե սպասեիք, մի քիչ ուսումնասիրություն անեիք, որոշման տակը մի տվյալ դնեիք, որ ավելի առարկայական լիներ մեր քննարկումը, ոչ թե ասեք՝ դժվարություն է լինում վազանց կատարելիս. «Ես կարող եմ ձեզ ապացուցել, որ աջ ղեկով մեքենայով վազանցը վտանգավոր չէ: Վտանգավոր է, երբ որ ղեկին վարորդ չկա»: Վահան Մարտիրոսյանը չհամաձայնեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ