Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները:
Հավաքելով 190 միավոր` Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում: Համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում եմ Մխիթարյանին՝ նշելով նաեւ Հայաստան անունը եւ այս առումով ահռելի է Մխիթարյանի ավանդը աշխարհում Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժեքների հանրահռչակման գործում:
– «Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի եւ ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաեւ բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար եւ Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու», – Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում նշել է Մխիթարյանը:
Ընդհանուր առմամբ, 39 քվեարկողներից 38-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:
35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:
25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում:
Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա