Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են սովետական մեքենաները հայաստանցիների վրա ծախեն, որ այդ մեքենաներով գլուխներս ուտենք». Բողոք՝ նախարարին

Դեկտեմբեր 22,2017 19:40

«Մարդը 2005-ի աջ ղեկով մեքենա է բերում, ինքը տեխնիկապես ավելի լավ որակի է, քան նախկին սովետական միության մեքենաները՝ «24», Lada, որոնք հիմա ԵԱՏՄ շրջանակներում ուզում են հայաստանցիների վրա ծախեն, որ մենք առնենք ու գնանք այդ մեքենաներով գլուխներս ուտենք»,- այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը այսպես իրենց բողոքը ներկայացրեցին աջ ղեկով մեքենաների վարորդներն ու բողոք-ավտոերթի մասնակիցները:

«Լոգոս» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արա Մելիքջանյանն առաջարկեց նախարարին, որ մի հատ շրջայց կազմակերպի ու տեսնի, թե որ ղեկով մեքենաների վարորդներն են ավելի անպարկեշտ: Նրա խոսքով՝ «երթուղայիների վարորդները, ճանապարհային ոստիկանության մեքենաների ղեկին նստած վարորդները, նույն տաքսիների վարորդներին տեսեք»:

Նախարարն ասաց, որ վարորդի մասին չի խոսքը, այլ՝ մեքենայի տեխնիկական զինվածության. «Վարորդի խնդիր չկա»: Մելիքջանյանը հակադարձեց. «Մեքենայի խնդիր էլ չկա: Սովետական միության մեքենաները չունեն անվտանգության բարձիկներ, զինված չեն որեւէ տեխնիկական սարքավորումով, որը մեքենան ավելի անվտանգ կդարձնի: Իրենց ղեկը ձախակողմյան է ու վերջ: Իսկ այն մեքենաները, որոնք Ճապոնիայից են բերվում, աջ ղեկ ունեն, բայց մի 8 հատ անվտանգության բարձիկ: Այստեղ ղեկի աջը կամ ձախը այնքան նշանակություն չունի, կարեւորը վարորդը վարորդ լինի: Այդ ղեկի խնդիրը արդիական չի»:

Վահան Մարտիրոսյանը արձագանքեց. «Դա ձեր տեսակետն է, սա շատ սուբյեկտիվ գնահատական է: Ձախ ղեկի վարորդը կարող է այլ բան ասի, եկեք ուրիշի փոխարեն գնահատականներ չտանք, ամեն մեկն իր կարծիքն ունի եւ կարծիք փոխելը շատ դժվար է»:

Նախարարն ասաց, որ եթե խմբի անդամներն ասում են, որ 35 հազար աջ ղեկով մեքենաների վարորդները դեմ են որոշմանը, բայց կա նաեւ 450 հազար ձախ ղեկով մեքենայի վարորդ: Մելիքջանյանն էլ նախարարին նետեց. «Ես էլ կարող եմ ասել, որ ձեր որոշումն է սուբյեկտիվ»:

Վահան Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանն ընդունել է ժամանակին աջակողմյան երթեւեկության կանոնները, դա նշանակում է, որ մեքենաները պետք է լինեն ձախակողմյան ղեկանիվով. «Ինչ եք կարծում, մենք պետք է մեր երթեւեկությունը փոխենք, դարձնենք ձախակողմյա՞ն երթեւեկություն»:

Երթի անդամները կասկածի տակ դրեցին ոստիկանության տվյալները՝ վթարներում աջ ղեկով մեքենաների մասնակցության առումով: Նրանք ասացին, որ 2017-ից է սկսել մեքենան ներկրելիս արձանագրել ղեկը աջ է, թե ձախ, այդ վիճակագրությունը սկսել են վարել 2017-ին:

Նախարարն էլ ասաց, որ աչքաչափով չեք կարող գնահատել, մաքսային մարմիններն էլ են արձանագրում. «Վերջին 3 տարիների ընթացքում է եղել աջ ղեկով մեծ քանակով մեքենաների ներկրում եւ դարձել է այդ թիվը 35 հազար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031