Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոների պարտքը տվեք, հետո սկսեք ձեր աջ ղեկով մեքենաների դարդը լալ»

Դեկտեմբեր 22,2017 19:12

Այսօր աջ ղեկով մեքենաների վարորդները Երեւանում անցկացրեցին բողոք-ավտոերթ: Նախ` վարորդները երթով շարժվեցին դեպի հրապարակ, այնուհետեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դիմաց հավաքվեցին: Նրանք իրազեկում էին հանրությանը, որ ապրիլի 1-ին չեն կարող աջ ղեկով մեքենաները վերահաշվառել, ներմուծել, ուստի կոչ էին անում միանալ բողոքին եւ արտահայտել իրենց բողոքը, պայքարել, ներկայացնել իրենց առաջարկությունները:

Երթին միացել է 60-70 մեքենայի վարորդ: Երթի կազմակերպիչներից մեկը՝ Գեւորգ Աճեմյանը հայտարարեց, որ կառավարության որոշումը պահանջում են հետ կանչել: Նրանք հանդիպեցին նախարարի հետ՝ իրենց պահանջը ներկայացնելու եւ բանակցելու:

Գեւորգ Աճեմյանը հանդիպմանը ներկայացրեց իրենց մտահոգությունը: Նրա խոսքով՝ «Ամբողջ փաթեթը պետք է չեղարկել, մեր առաջարկը դա է: Պետք է նոր խումբ ձեւավորել՝ քաղհասարակությունից անհատներ ներգրավելով, մեր ներկայացուցիչը կունենանք այդ խմբում: Մեր պատկերացումով պետք է այդպես լինի, քանի որ ոստիկանությունից տվյալներ ունենք, որ ավտոճանապարհային վթարների մոտ 11 տոկոսում են իրենց մասնակցությունն են ունեցել աջ ղեկով մեքենաները, որոնցից չգիտենք քանիսում են մեղավոր եղել աջ ղեկով մեքենաները»:

Խմբի համակարգողներն ասացին, որ երբ այդ լուրերը շրջանառվեցին, քննարկվեցին, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են, դեռ ոստիկանությունը չէր էլ ամփոփել տվյալներ, չուներ ամփոփ տեղեկություն այդ մասին: Ու քանի տվյալ չկար, դա չէր կարող հիմնավորում ներկայացվեր՝ նման որոշման համար. «Երկրորդ պատճառը ԵԱՏՄ պայմանագիրն է, դա էլ չենք գտնում հիմնավոր պատճառ, քանի որ ԵԱՏՄ անդամ ամենամեծ երկիրը իր երկրի համար նման սահմանափակում չի անում: Եթե լիներ էլ, չեմ կարծում, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը թույլ է տալիս նման որոշումներ կայացնել: Այսօր Հայաստանում աջ ղեկով տրանսպորտային միջոցների քանակը բավականին մեծ է, այդքան մարդ իր մեքենայի ձեռքը կրակն է ընկնելու»:

Նախարարն արձագանքեց. «Բայց իրեն թույլ են տալիս վարել, չէ՞»: Խմբի անդամներն էլ հակադարձեցին՝ վարել չի նշանակում իր սեփականությունը լիարժեք օգտագործել: Նրանք ասացին, որ կարող է մարդը գումար է հավաքել տարիներով, մեքենա է գնել ու հանկարծ առողջական խնդիրներ ունի, ուզում է վաճառել, հիմա չի կարողանալու վաճառել, դա արդեն իր սեփականության իրավունքի խախտում է:

Խմբի անդամներն ասացին, որ աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու որոշումը այլ տեղից է գալիս, ու դրա մասին իշխանությունները չեն խոսում, հիմնավորումներն էլ, որ բերում են, անընդունելի են ոչ միայն իրենց, այլեւ մեր երկրում հարյուր հազարավոր այլ քաղաքացիների համար:

Քննարկմանը մասնակցում էր նաեւ աջ ղեկով մեքենա ունեցող վարորդներից Վահան Հովսեփյանը: Նա ասաց, որ 5 առաջարկություն է ներկայացրել կայքում, մի քանիսն ընդունվել են ի գիտություն: Ըստ նրա, իր իրավունքները այս որոշմամբ խախտվում են, որովհետեւ չի կարող իր գույքն օտարել, ինչը հակասահմանադրական է. «Կարող են ասել, թե տեսանելիությունը խանգարվում է, բայց ճանապարհային երթեւեկության անվտանգությունը միայն տեսանելիությամբ չեն սահմանափակվում, այլ՝ անվտանգության համակարգերով: Աջ ղեկով մեքենաներն այդ առումով ավելի անվտանգ են՝ իր ակտիվ եւ պասիվ անվտանգության համակարգերով: Առաջարկություններից մեկն այն էր, որ այսպիսի լուրջ փոփոխություններ ենթադրող ակտը պետք է լուրջ հիմնավորումներ ունենար դրա տակ»:

Նա ասաց, որ հարց է՝ ինչո՞ւ ենք վերցնում Բելառուսի եւ Ղազախստանի օրինակը եւ չենք վերցնում ՌԴ-ի օրինակը: ՌԴ-ում մինչեւ 8 տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակում չկա. «Ամենակարեւոր հարցն այն  է՝ արդյո՞ք արվել են հետազոտություններ, միայն ասելով, որ դիտարկմանը կարող է խանգարել, դա ամենաարդիական հա՞րցն է տրանսպորտային երթեւեկության խնդիրներում»:

«Լոգոս» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արա Մելիքջանյանն էլ ասաց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների համար այլ պատճառներ կան. «Հասարակության մեջ նման խնդիր չկա, երբ վիճակագրություն ես տալիս, որ 9 տոկոսի մոտ վթարներ են եղել աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ, մասնակցությունը չի ենթադրում, որ իրենք են եղել պատահարի կազմակերպիչը կամ հիմնական մեղավորը:

Նմանատիպ վիճակագրություն չկա, մասնակցությունը եւ մեղավորությունը տարբեր բաներ են: Ձեր վիճակագրությամբ 35 հազար աջ ղեկով մեքենա վարողներ կան Հայաստանում: Դա շատ լուրջ սոցիալական խնդիր է, Նոր տարվա նախաշեմին ձեր կողմից ահագին «նվեր» արվեց վարորդներին, որ եկեք տոների պարտքը տվեք, հետո սկսեք ձեր աջ ղեկով մեքենաների դարդը լալ»:

Ըստ նրա, առայժմ շահագործումը թույլատրվում է, բայց չգիտես հետո ինչ կլինի, մարդը հացի խնդիր ունի ու մեկ էլ՝ այս որոշումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031