Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «VHL Developments» շինարարական ընկերության հիմնադիր, Տորոնտոյում Հայաստանի Զարգացման Հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ Վան Լապոյանին և ֆրանսահայ գործիչ, ԵԿՄ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի մասնաճյուղերի նախագահ Ռուբիկ Գալստանյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սփյուռքում և Հայրենիքում նրանց ծավալած գործունեությունը: «Ուրախ եմ, որ դուք, պարո՛ն Լապոյան, սեպտեմբեր ամսին մասնակցելով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին, ինչպես նաև ուսումնասիրելով Հայաստանի ներդրումային ծրագրերը և շուկան՝ ցանկություն եք հայտնել ներդրում իրականացնել Հայրենիքում: Ոգևորիչ է, որ ներկայումս սերտորեն համագործակցում եք Հայաստանի Զարգացման Հիմնադրամի հետ: Վստահ եմ, որ Ձեր բոլոր ծրագրերը Հայաստանում հաջող կընթանան»,-նշեց Սփյուռքի նախարարը:
Վան Լապոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մասնավորապես նշեց. «Սփյուռքը պետք է մշտապես ներկա լինի Հայաստանի կյանքում, Հայրենիքի մասը կազմի»:
Հյուրերը նախարար Հրանուշ Հակոբյանի հետ զրուցեցին հայրենադարձության կազմակերպման գործընթացի մասին, կարևորեցին հայրենադարձության գործընթացի ռազմավարության, ծրագրի և օրենքի մշակումն ու լրամշակումը:
Կարևորելով Սփյուռքի նախարարության գործունեությունն ու իրականացրած ծրագրերը՝ ֆրանսահայ գործիչ Ռուբիկ Գալստանյանը շեշտեց. «Յուրաքանչյուր սփյուռքահայի համար այս նախարարությունը Հայրենիքում իր տունն է»:
ՀՀ սփյուռքի նախարարություն