«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն արդեն 5-րդ օրն է հացադուլ է անում զինվորական ծառայության տարկետման սահմանափակումների դեմ:
Aravot.am-ի հետ զրույցում Դավիթն ասաց, թեեւ իրեն լավ է զգում, բայց բժիշկները, որոնք, ամեն օր այցելում են իրեն, վստահեցրել են՝ սրտի աշխատանքի խնդիր կա. «Բժիշկները նաեւ ասացին, որ հնարավոր է հացադուլը հետևանքներ թողնի առողջությանս վրա, հացադուլի պատճառով հետո խնդիրներ, երևի, ունենամ»:
Մեր հարցին՝ արդյոք ի վիճակի է շարունակել հացադուլը, եւ որքա՞ն կարող է դիմանալ, Դավիթը պատասխանեց. «Չգիտեմ, բայց ընկերներս, դասախոսներս ասել են դադարեցնեմ: Ես չեմ ուզում սա համառություն դառնա, ես էլ չգիտեմ, մտածում եմ…»:
Օրերս Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը նախաձեռնության անդամների հացադուլ սկսելու քայլը «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում այսպես է մեկնաբանել. «Երեկ չէ առաջին օրը կարծեմ եկել են Լեհաստանից, Սորոսի՝ այդ հայտնի կազմակերպության համաժողովից, թե հանդիպումից։ Բնականաբար, երեւի, ինչ-որ առաջադրանքներ են ստացել եւ եկել են, առավոտյան մտել են այդ լսարանը, իրենց նախկին հացադուլի լսարանը, եւ հացադուլ են անում»։
Այս առնչությամբ Դավիթ Պետրոսյանն ասաց. «Արամ Սիմոնյանը չհիմնավորված հայտարարություն է արել, ուզում եմ ըմբռնումով մոտենալ դրան, իհարկե սա չի վերաբերում համալսարանի խնդիրներին: Իր ասածների հետ կապված. կարծում եմ, երբ իմացել է, որ մենք Լեհաստանում ենք՝ ներվայնացել է: Հաստատ կողքից ինչ-որ մեկն է իրեն դա ասել, որովհետեւ հրավերքը ես տվել եմ պրոռեկտորին՝ նոր եմ գնացել: Մեկը կողքից սխալ տեղեկություն է տվել: Եթե Սիմոնյանը հրավերքս նայել է, ուրեմն նման բան չէր ասի»:
Հացադուլի ընթացքում Դավիթ Պետրոսյանը տեսաուղերձով տարբեր խնդիրների մասին է խոսում:
Հնարավո՞ր է հացադուլը դադարեցնելուց հետո նախաձեռնությունը պայքարի նպատակը փոխի եւ անդրադառնա տեսաուղերձում հնչեցրած խնդիրների լուծմանը, մեր այս հարից ի պատասխան Դավիթն ասաց. «Սա ամբողջական պայքար է, որն իր մեջ տարբեր հատվածներ ունի: Նախորդ օրն էլ բանակի խնդիրների մասին ենք խոսել: Իհարկե, եթե խոսում ենք, ուրեմն պետք է գործ էլ անենք այդ ուղղությամբ: Ես համալսարանում մի անգամ նման բան արել են, բայց միայնակ էի, իսկ դա ամբողջական ու համակարգային պայքար է պահանջում: Պետք է կազմակերպված լինի, անհատական չի ստացվի: Մտածելու ենք, փորձենք ավելի հիմնավորված առաջարկներով հանդես գանք: Միայն խնդիրների մասին խոսելով հարց չի լուծվի: Պետք է առաջարկներ անել ու հետեւողական լինենք, որ դրանք ընդունեն ու ճիշտ կիրառեն: Բայց ուզում եմ ասել՝ հացադուլի նպատակներից է՝ թույլ չտալ այս օրենքի լեգիտիմացում, եւ ցույց տալ, որ այդ բանակցությունները չեն ստացվել: Մենք խնդիրը բարձրաձայնել եք»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն ընդունել է իսկ նախագահն էլ ստորագրել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն 3 տարի ժամկետով: Եթե նման պայմանագիր չկնքեն, տղաները 18 տարին լրանալուն պես 2 տարով կզորակոչվեն բանակ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ