«Տարոն Ավիա» ընկերությունը, որի սեփականատերը գյումրեցի Գառնիկ Պապիկյանն է և որը «Շիրակ» օդանավակայանից սկսեց թռիչքներ իրականացնել ապրիլի 25-ից՝ անսալով վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորին, 2018 թվականի հունվարի 1-ից դուրս կգա Գյումրու ավիաշուկայից։ Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում թեթևակի ակնարկեց Սամվել Բալասանյանը՝ նշելով․ «Գառնիկի հետ առավոտ եմ խոսել, ինքն այստեղ չէ, ասաց՝ մինչև հունվարի 1-ն առայժմ գործելու է «Տարոն Ավիան», դրանից հետո ինքը իր ճակատագիրը չգիտեր, որ ինձ ասեր»։ Երբ լրագրողները Սամվել Բալասանյանից փորձեցին հստակեցնել՝ ի՞նչ է նշանակում ճակատագիրն անհայտ է, «Տարոն Ավիան» փոշմանե՞լ է, մտադրված է դադարեցնե՞լ իր գործունեությունը «Շիրակ» օդանավակայանում, Սամվել Բալասանյանը պատասխանեց․ «Գառնիկն ասաց, որ մինչև հունվարի 1-ը պայմանագրով դեռ շարունակելու է, դրանից հետո ասաց նոր պայմանագիր է կնքելու»։
Գառնիկ Պապիկյանից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց․ նա Դուբայում է, հեռախոսն անհասանելի, սակայն մենք Գյումրու ավիադրամարկղների աշխատակիցներից ճշտեցինք, որ հունվարի 1-ից «Տարոն Ավիան» Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից վաճառքի տոմս չունի։ Նշենք, որ այս ընկերությունը թռիչքներ է կազմակերպում երեք ուղղություններով՝ Գյումրի- Կրանսոդար, Գյումրի-Սամարա և Գյումրի Մոսկվա, և, բնականաբար, հետադարձ ուղղությամբ։
Մեր ճշտող հարցին՝ մի՞թե «Տարոն Ավիան» հունվարի 1-ից դադարեցնում է իր գործունեությունը, որ տոմսեր չկան վաճառքի, ավիատոմսեր վաճառող ընկերություններից մեկի պատասխանատուն ասաց․ «Միայն Գյումրիից է դադարեցնում, Երևանից շարունակում է, խնդրում եմ ի նկատի ունենաք»։
Մեզ նաև պարզաբանեցին, որ «Պոբեդան» տարբեր գնի տոմսեր ունի դեպի Մոսկվա, ընդհուպ մինչև այս պահին 16 հազար դրամանոց տոմս կար վաճառքի, իսկ «Տարոն Ավիայի» տոմսի արժեքը դեպի Մոսկվա սկսվում է 39 հազար դրամից, սակայն, աշխատակիցների մեկնաբանմամբ, «Պոբեդայով» անվճար ուղեբեռ չես կարող փոխադրել, գումար պիտի վճարես, իսկ «Տարոն Ավիայի» գնի մեջ մտնում է անվճար ուղեբեռը։ «Համարյա նույնն է գալիս, այնպես չէ, որ «Պոբեդան» ավելի էժան է, «Տարոն Ավիան» թանկ»,-պարզաբանեցին մեզ։
Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանից։ Նա ասաց․ «Ներկա պահին «Տարոն Ավիա» ընկերությունը Գյումրու օդանավակայանից շարունակում է չվերթներ իրականացնել, օդանավ շահագործողի վկայականը վավեր է, և մենք որևէ պաշտոնական հայտ չենք ստացել, որ ավիաընկերությունը բոլոր չվերթները դադարեցնում է հունվարից կամ ինչ-որ ժամանակից սկսած»։
Սաթենիկ Հովհաննիսյանը նաև հավելեց, որ օդանավ շահագործողի վկայական տրվում է մինչև երկու տարի ժամկետով, հետո կարող են երկարացնել, այնպես չէ, որ մի անգամ տրվում է և վերջ։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է հստակ այն տեղեկությունը, որ «Սիբիր Ավիան» մտնելու է Գյումրու ավիաշուկա մարտ ամսից սկսած։ «Քաղավիացիայի գլխավոր վարչությունը տարբեր ավիաընկերությունների հետ քննարկումներ է անցկացնում, միշտ փորձում ենք համագործակցել, ներկա պահին որևէ հայտ «Սիբիր Ավիայից» կամ ուրիշ ընկերությունից չունենք։ Երբ հայտ ստանանք, պաշտոնական տեղեկատվություն ունենանք, այդ դեպքում էլ կփոխանցենք տեղեկատվությունը»։
Իհարկե, մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ կստանանք Գառնիկ Պապիկյանից, նա մի քանի օրից կլինի Գյումրիում, սակայն նշենք, որ, ըստ նրա մտերիմների պարզաբանումների, «Տարոն Ավիայի» ու «Պեբոդայի» միջև անհավասար մրցակցություն է սկսված։ «Պոբեդան» ՌԴ-ում՝ որպես ռուսական ազգային փոխադրող՝ դիզվառելիքը լցնում է ներքին շուկայի գնով, այսինքն՝ ձեռք է բերում էժան գնով, իսկ «Տարոն Ավիան»ՌԴ քաղաքներում դիզվառելիքը ձեռք է բերում արտաքին շուկայի գներով, թանկ գներով։ Բացի այդ, «Տարոն Ավիան» բավական մեծ գումարներ է ծախսում դիսպետչերների վճարման վրա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ