Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ին 22 հազար ՀՀ քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ստացել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2017 16:14

«2017-ի ժողովրդագրական տեսանկյունից լուրջ խնդիր ունեինք նաեւ բանակի համալրման համար: Առաջիկա հինգ տարիները շարունակելու են ծանր լինել այս առումով, ուստի տարկետման հանումը ճիշտ էր»,- այսօր նման կարծիք հայտնեց փորձագետ Արտակ Մարկոսյանը` Միջազգային եւ անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի կազմակերպած «2017-ի իրական եւ 2018-ի սպասվող Հայաստանը. Անցյալի իներցիա՞, թե՞ փոփոխությունների մեկնարկ» թեմայով քննարկման ժամանակ:

Անդրադառնալով «Տարկետում պետք է լինի» ուսանողական շարժմանը եւ բողոքի ակցիաներին, փորձագետը կարծիք հայտնեց, որ ուսանողները պետք է պայքարեն կրթության որակի բարձրացման, բուհերի արդյունավետ կառավարման, բուհերից կոռուպցիայի վերացման համար: Հայաստանի ժողովրդագրական վիճակը եւ արտագաղթը նա վտանգավոր է համարում. «Միայն 2016-ին 22 հազար ՀՀ քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ստացել: 2017-ի տվյալները դեռ հրապարակված չեն»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նա կարծում է, որ արտագաղթի կանխման եւ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար «մեծ ներարկումներ» եւ տնտեսական աշխուժացում է պետք: Այս ամենը չկանխելն, ըստ նրա, երկիրը կարող է անկանխատեսելի զարգացումների առջեւ կանգնացնել:

Փորձագետն ահազանգում է`Ջավախքը նույնպես արագ տեմպով հայաթափվում է. «Մեր վերեւի հարեւան երկրում իսլամական տարրն ավելանում է: Սրա մասին էլ լուրջ մտահոգվել է պետք»:

ՄԱՀՀԻ փորձագետ Սյուզաննա Բարսեղյանն էլ նկատեց`բանակը միակ պետական ինստիտուտն է, որի նկատմամբ հանրության վստահությունը մեծ է: Բավական ցածր է սոցիալական ինստիտուտների նկատմամբ վստահությունը`նախագահ, կառավարություն: Այս համատեքստում, դրական գնահատելով «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը, նա կարծում է, որ տարկետման իրավունքի դրույթում փոփոխություններով իրար դեմ հանել գիտությունը եւ բանակը`սխալ էր: «Ավելի ազնիվ կլիներ, եթե պարզ ասվեր, որ դա ժողովրդագրական խնդիր է: Անվտանգությունը միայն բանակը չէ: Կրթությունը, գիտությունը, սոցիալական ինստիտուտների նկատմամբ վստահությունը նույնպես անվտանգություն են»,- ասաց նա: Թեեւ ինքը համամիտ չէ «Տարկետում լինելու է շարժման» բոլոր կարգախոսների հետ, բայց իբրեւ հասարակական շարժում գովելի է համարում. «Կան թեեւ փոքրաթիվ մարդիկ, ովքեր ասելիք ունեն»:

Կարծում է, այս հարցերի լուծման համար սփյուռքի ռեսուրսն էլ պետք է ճիշտ օգտագործել:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ պետական կառավարման համակարգում ամենաթույլ օղակը կրթությունն է համարում: Շրջանառության մեջ է դրված «Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը»: Հեղինակներն ասում են`այն «ուսանողամետ է»: Գագիկ Մակարյանը հակադարձում է. «Չկա չափորոշիչներ, չենք կարող չափել: Բացի այդ, հարց է առաջանում` բա մինչեւ հիմա եղածը ինչա՞մետ էր»:

Նա մնում է այն կարծիքին, որ 2018-ը հանդարտ եւ հավասարակշռումների տարի է լինելու:

2018-ին հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարին անդրադարձավ նաեւ փորձագետ Հայկ Գաբրիելյանը: Նա կարծում է, որ գերտերությունների համար այդ հարցն այլեւս առաջնահերթ խնդիր չէ: Նաեւ`Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Էրդողանը կշարունակի ազգայնամոլական, հակահայկական կեցվածքը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031