«Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտում է այս գործընթացը, որն ինքն էր սկսել: Եվ եթե ինչ-որ նոր բան պետք է լինի, ապա դա պետք է անի արդեն վարչապետ Սերժ Սարգսյանը. նախագահ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը»,- այսօր, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում 2017-ի զարգացումներին եւ դրանց անդրադարձին գալիք 2018-ին, կարծիք հայտնեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը:
«2017-ի իրական եւ 2018-ի սպասվող Հայաստանը. Անցյալի իներցիա՞, թե՞ փոփոխությունների մեկնարկ» թեմայով քննարկումը կազմակերպել էր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը:
Բանախոսը կարծում է, որ 2008-ին Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր լուրջ միջազգային գործընթաց սկսել, որը կշեղեր ուշադրությունը մարտիմեկյան արյունալի իրադարձություններից, որոնք նշանավորեցին նրա մուտքը նախագահական փուլ: Հիշեցնում է` ֆուտբոլային դիվանագիտության գործընթացն ավելի վաղուց էր սկսվել: Հայ-թուրքական հաշտեցման բանակցություններն էլ դեռ 1990-ականների վերջին էին ընթանում: Չնայած ամեն ինչին, փորձագետի կարծիքով, Թուրքիան ճանապարհներ է փնտրում Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու: Իր կարծիքով՝ ադրբեջանական կողմի ճնշման տակ թուրքական «Պեգասուսը» չմտավ հայկական օդային շուկա, կարծում է, որ եկող տարի Թուրքական ավիաուղիները կմտնեն մեր շուկա:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ