Aravot.am-ը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց` իսկապե՞ս «Հայֆիլմի» կինոդերասանի թատրոնի իրավահաջորդն է Հովհաննես Գալստյանի Էքշըն ֆիլմ լաբը, որը մասնավոր ընկերություն է:
«Իրավահաջորդության հարց չկա, մենք պարզապես կինոդպրոցի բյուջեն ուղղել են մասնավոր ընկերությանը, ունենք շատ լավ արդյունք, եթե չեմ սխալվում, 6 դեբյուտային աշխատանքից մեկն արդեն գեղխորհուրդն ընտրել է, եւ 2018-ի ընթացքում մենք կունենանք այդ դեբյուտի իրականացումը, մնացածը, թե ինչպես կշարունակվի համագործակցությունը, կորոշենք տոներից հետո:
Մանրամասները` տեսանյութում:
Նախարարից նաեւ հետաքրքրվեցինք Հովհաննես Գալստյանի` ֆեյսբուքյան էջում արված մեկ այլ հայտարարությամբ, որտեղ նա մասնավորապես գրել էր. «Եթե այսօրվա ֆարսը կազմակերպված էր Ազգային կինոկենտրոն – ԷՔՇՆի ֆիլմ լաբ պայմանագիրը չերկարաձգելու համար, ապա հաշվարկը սխալ է։ Հիշեցնեմ. ԷՔՇՆ Ֆիլմ Լաբը «Հայֆիլմի կինոդերասանի թատրոնի» իրավահաջորդն է։ Դպրոց, որը երբևէ սեփական ներդրում չի կատարել։ Մեզ այդ դպրոցը տրվել է երեք տարվա խոստումով, պայմանով, որ մենք ներդրում կապահովենք։ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնը» իր հիմնադրած ՍԻՆԵՄԱ կենտրոնով արդեն ապահովել է ավելի քան 17 մլն դրամի ներդրում, ինչը մենք կհիմնավորենք ցանկացած հանձնաժողովի մոտ։ Իսկ պայմանագիրը խզելու պարագայում մենք կչեղարկենք 2018թ.-ի համար նախատեսված 12 մլն դրամի նոր ներդրումը։ Ազգային կինոկենտրոնը և մշակույթի նախարարությունը ստիպված կլինեն որևէ հոդաբաշխ հրապարակային բացատրություն տալ,
ա) ինչպես է ԷՔՇՆ ֆիլմ լաբը թերացել իր պայմանագրային պարտականությունների մեջ,
բ) Ինչու են խոչընդոտներ դնում կինոյում ներդրում կատարող ընկերության առջեւ»:
Նախարարն ասաց, որ ինքը չի ընդունում սպառնալիքներով խոսելու ոճը եւ կողմնակից չէ նման գործելաոճին:
Անդրադարձ եղավ նաեւ հայաստանցի կինոգործիչների այն մտահոգությանը, որ Կինոյի մասին օրենքով ամրագրված չէ ազգային կինոյին պետականորեն աջակցությունը: Արմեն Ամիրյանի ձեւակերպմամբ, հնարավոր չէ օրենքով նման բան ամրագրել, որովհետեւ օրենքը դաշտը կարգավորելու համար է. «Այսպես թե այնպես, տարիներ շարունակ պետությունը 300 մլն-ով աջակցել է տեղական ֆիլմարտադրողներին»:
Ինչ վերաբերում է արտասահմանցիների համար արտոնյալ պայմաններ սահմանելուն, նախարարի խոսքերով, արտասահմանյան կինոարտադրողների ներդրումներ անելը խրախուսելու նպատակով է:
Նա նաեւ հայտնեց, որ ներկայումս ուսումնասիրվում է 50 անուն դահլիճ, որոնցից առաջին 5-10-ի վրա առաջիկա տարիներին ներդրումներ կարվեն` կինոդահլիճներ հիմնելու նպատակով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ