ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարի հարցազրույցը
Եվրամիության հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացները՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է և ոչ թե բաժանում: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը: Նա անդրադարձավ ՀՀ-ԵՄ համագործակցությանը և հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, ինչպես նաև համաձայնագրի տնտեսական և այլ ոլորտային համագործակցությանը վերաբերվող դրույթներին:
-Պարոն դեսպան, ավարտին է մոտենում ընթացիկ տարին, որն աչքի ընկավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում բարձրաստիճան այցերի ու հանդիպումների հագեցած օրակարգով: Վերջին երեք տարիները գնահատվում են որպես առանձնապես ակտիվ ՀՀ-ԵՄ համագործակցության առումով:
-ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է և այս առումով բարձրաստիճան փոխայցելությունները, տարբեր մակարդակներում կողմերի միջև ընթացող շարունակական քաղաքական երկխոսությունը թույլ են տալիս սպառիչ կերպով անդրադառնալ երկկողմ օրակարգի հարցերին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին: Միաժամանակ, Հայաստանը ջանքեր է գործադրել ԵՄ կառույցների, անդամ պետությունների հետ համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ, ճշգրտվել և նախանշվել են հարաբերությունների հետագա խորացման կոնկրետ ձևերը և ուղղությունները ինչպես ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախապատրաստման գործընթացի, այնպես էլ՝ ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցության ծավալման շրջանակներում:
Այս առումով փոխայցերի և տարբեր միջոցառումների հաճախականությունն իրապես տպավորիչ էր: 2015թ. հուլիսին Հայաստան այցելեց Եվրոպական Խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկը, 2016թ. մարտին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այս տարվա փետրվարին ԵՄ աշխատանքային այցով Բրյուսել այցելեց ՀՀ Նախագահը: Պարբերական բնույթ են կրում ՀՀ Նախագահի այցերն ու մասնակցությունը ԵԺԿ գագաթաժողովներին:Կանոնավոր բնույթ են կրում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ, ինչպես նաև բազմակողմ ձևաչափում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում: Բացի այդ, Հայաստանում անցկացվեցին Արևելյան գործընկերության ձևաչափի բազմաթիվ բարձրաստիճան միջոցառումներ ու համաժողովներ, ինչպես նաև փորձագիտական մակարդակի հանդիպումներ: Եվ իհարկե ամենակարևորը, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ Նախագահը մասնակցեց Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովին, որտեղ տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման արարողությունը:
-Մի շարք վերլուծաբաններ նշում են, որ համաձայնագրի ստորագրմամբ «և, և»-ի քաղաքականությունը տեսական հարթությունից տեղափոխվեց իրական քաղաքականության դաշտ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Եղել են տարաբնույթ կարծիքներ և մեկնաբանություններ, ինչը բնական է, սակայն, այս հարցի պատասխանը տրված է իրողությամբ: Պետք է նշեմ, որ ՀՀ ղեկավարության կողմից որդեգրված «և, և»-ի քաղաքականությունը Հայաստանի համար ի սկզբանե եղել է առավել իրատեսական մոտեցումը, և մենք աշխատել ենք ելնելով այն տրամաբանությունից, որ պետք է լավագույնս օգտագործվեն տարբեր ինտեգրացիոն գործընթացների կողմից առաջարկված հնարավորությունները: Այս առումով անդամակցումը ԵԱՏՄ-ին ու ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ստորագրումը նոր լայն հնարավորություններ են ստեղծում մեր քաղաքացիների համար:
Նոր համաձայնագրի ստորագրմանը նպաստեց նաև եվրոպական կողմի դիրքորոշման և քաղաքականության փոփոխությունը: Իրադարձությունների զարգացումը նոր մոտեցումներ ձևավորեց ԵՄ քաղաքական շրջանակներում. Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման ընթացքում ԵՄ նոր ղեկավարությունը մշակեց նոր՝ անհատական մոտեցման դրույթներ, որոնք համահունչ են ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման մեր պատկերացումներին ու տեսլականին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը տարբեր առիթներով նշել է, որ Հայաստանի կողմից ՀԸԳՀ ստորագրումը ցույց է տալիս, որ տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի գոյակցությունը հնարավոր է: Իր հերթին, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ՀԸԳՀ ստորագրման արարողության ժամանակ նշեց, որ սա առաջին համաձայնագիրն է, որը կնքվում է ԵԱՏՄ և միաժամանակ Արևելյան գործընկերության անդամ պետության հետ: Հայաստանը որպես օրինակ դրվատվում է նաև նոյեմբերի 15-ին Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ Եվրոպական Խորհրդարանի ընդունած բանաձևում:
Այսինքն, սա մի կողմից հանրապետության ղեկավարության քաղաքական կամքի ու հետևողական քաղաքականության, հայկական դիվանագիտության ծրագրային նպատակամղված աշխատանքի, իսկ մյուս կողմից՝ վերջին տարիներին Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունքն է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացները՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է և ոչ թե բաժանում: