Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաեւ հարցին, թե արդյոք փաստաբանի հանդեպ դատավորի կողմից տուգանք կիրառելու իրավակարգավորումը պայմանավորվա՞ծ է այն փաստով, որ «Սասնա ծռերի» որոշ պաշտպանների մասնագիտական գործունեությունը դուր չի գալիս դատավորներին, եւ նրանց ցանկանում են տուգանքներով լռեցնել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Դատական օրենսգիրքը, որը դատավորին թույլ կտա մինչեւ 100 հազար դրամի չափով տուգանել փաստաբանին:
Արա Զոհրաբյանը հայտնեց՝ նշյալ դատավարություններով Փաստաբանների պալատն 80-ից ավելի սանկցիաներ է ստացել. «ՓՊ խորհուրդը դրանց մեծ մասը կարճել է: Այս առումով, այո, գուցե դատավարական գործընթացի ազդեցության տեսանկյունից ՓՊ-ն պետական մարմինների համար շրջանցելու ենթակա մարմին է, որովհետեւ ՓՊ-ին որեւէ մարմին չի կարող ճնշել: Հետեւաբար, մտածում են՝ գուցե ՓՊ-ին պետք է խաղից դուրս հանել եւ անմիջական ազդեցություն ունենալ փաստաբանի վրա»:
Արա Զոհրաբյանը հավելեց, որ նման միտումն իր համար տեսանելի է. «Բայց դա չի նշանակում, թե ՓՊ-ն փաստաբաններին պետք է անհիմն պատժի: Մենք օբյեկտիվ որոշումներ ենք կայացրել: Եթե փաստաբանը խախտում է թույլ տվել, պատասխանատվության է ենթարկվել»:
ՓՊ նախագահի խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ փաստաբանների հանդեպ սանկցիաների հիմնական պատճառը հենց դատավորների ոչ ճիշտ վարքագիծն է. «Օրինակ, դատավորն ընդմիջել է նիստը՝ առանց ժամ նշելու, փաստաբանն էլ տուն է գնացել: Հետո՝ որոշ ժամանակ անց, դատավորը տեսել է, որ փաստաբանը չկա եւ սանկցիա է կիրառել նրա հանդեպ: Պարզ է, որ փաստաբանը մարգարե չէ եւ չի կարող գուշակել, թե որ ժամին էր դատական նիստ լինելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ