1992-95 թվականներին ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95 թվականներին Հայաստանի ԱԱՊՎ ղեկավար Դավիթ Շահնազարյանը ճիշտ է համարում նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը`հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Հիշեցնենք, այդ մասին նախագահը խոսեց անցած տարի, ՄԱԿ-ի ամբիոնից`2018-ի գարունը վերջնաժամկետ հայտարարելով դրանց վավերացման համար:
Միջազգային եւ անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի կազմակերպած «2017-ի իրական եւ 2018-ի սպասվող Հայաստանը. Անցյալի իներցիա՞, թե՞ փոփոխությունների մեկնարկ» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Դավիթ Շահնազարյանն ասաց. «Մեզ համար ոչ այնքան ձեռնտու կետեր կան, չի կարելի թողնել Թուրքիային՝ երբ ինչպես իրեն պետք լինի, այդպես էլ օգտագործի»:
Ի դեպ, 2017-ը Հայաստանի արտաքին քաղաքականության մասով, Դավիթ Շահնազարյանը համարում է հաջողված: Նշում է`ԵՄ-ի հետ հարաբերությունների տեղափոխումը նոր փուլ, Իսրայելի հետ հարաբերությունների ճեղքումը եւ այլն: Կարծում է, ՀՀ-ն 2018-ին պետք է կարողանա հավասարակշռել իր քաղաքականությունը ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-Ուկրաինա, Իրան-Իսրայել եւ եւս մի քանի ուղղություններով: Կարծում է, որ ՀՀ իշխանությունները պետք է մտածեն մոտ ապագայում Իսրայելում դեսպանություն բացելու մասին. «Իհարկե՝ Թել Ավիվում»: Նաեւ` սպառազինությունների դիվերսիֆիկացիան մեծացնելու ուղղությամբ. կարծում է, որ Իսրայելը խնդիր չունի նաեւ մեզ վաճառել այն զինտեխնիկան, ինչ Ադրբեջանին է վաճառում: «2018-ը լինելու է բավական հետաքրքիր տարի. լավ կլինի, որ այդ հետաքրքրության օբյեկտը մենք չլինենք»,- ասաց նա:
Անդրադառնալով օրակարգային հարցին`ի՞նչ կտա ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ՀՀ քաղաքացուն, բանախոսը հումորով նկատեց. «Ամանորյա սեղանին բուդ չի ավելացնի»:
Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ նման տնտեսական աճի տեմպերով Հայաստանը չի կարողանալու հաղթահարել այն մարտահրավերները, որ կան մեր առջեւ: Միաժամանակ նկատում է` նոր մարտահրավերները բերում են նոր հնարավորություններ: Նա հույս ունի, որ արտաքին քաղաքականության հաջողությունները կշարունակեն զարգանալ: Կցանկանար, որ այդ զարգացումները տեղափոխվեն դեպի տնտեսություն:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ