Aravot.am-ը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց` ճիշտ է, որ նոր կանոնակարգով կինոկենտրոնը կինոյի բյուջեի 30%-ը հատկացնելու է դեբյուտներին:
«Այո, այդպես է: Բայց չեմ կարող ասել, ամբողջ բյուջեի 30%-ը, թե յուրաքանչյուր ուղղության 30%-ը, առանձնապես դրանք միմյանցից շատ չեն տարբերվում: Այնուամենայնիվ, մեր մոտեցումն ու պատկերացումն այն է, որ պետք է ավելի շատ հնարավորություններ տանք երիտասարդ կինոգործիչներին, նոր առաջարկներին, որպեսզի մեր կինոյին նոր շունչ տանք»,-ասաց նախարարը:
Նախարարից նաեւ հետաքրքրվեցինք, թե երբ է ի վերջո ներկայացվելու Կաննի կինոշուկային Հայաստանի մասնակցության վերաբերյալ հաշվետվությունը: Կաննում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ապահովելու համար մշակույթի նախարարությունը Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ին հատկացրել էր 13 մլն 325 հազար դրամ, հայաստանյան կինոարտադրանքի ներկայացման ու վաճառքի կազմակերպումն էլ հանձնվել էր «Պարալլելս ֆիլմ պրոդաքշն» ընկերության հիմնադիր-տնօրեն, ռեժիսոր Հովհաննես Գալստյանին:
Արմեն Ամիրյանը պատասխանեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Կաննի կինոշուկայի վերաբերյալ առաջիկայում հանդես կգան մեկ ասուլիսով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ